Բաժիններ՝

Նոր ինտելեկտուալ խաղ` «Dasaran.am» կրթական ծրագրից օգտվող աշակերտների համար

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը և «Dasaran.am» կրթական ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորվմամբ, ս.թ. հոկտեմբերի սկզբին հանդես են եկել հերթական հետաքրքիր և նորարարական նախաձեռնությամբ: Այս անգամ մեր սիրելի աշակերտներին ենք ներկայացրել «Կանաչ աշխարհ»  ինտելեկտուալ խաղը:

Այս նախաձեռնության հիմքում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ «Dasaran.am»-ին միացած շուրջ 622.000 աշակերտների և ծնողների շրջանում շրջակա միջավայրի և դրան սպառնացող մերօրյա վտանգների վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: «Կանաչ աշխարհ» խաղի նպատակն է` գիտելիքների փոխանցման և իրազեկության բարձրացման միջոցով նոր սերնդի մոտ խթանել այնպիսի վարքագծային կանոններ, որոնք կօգնեն էապես նվազեցնել մարդու կողմից բնությանը և էկոլոգիային հասցվող վնասները՝ բարձրացնելով մեր երկրագնդի էկոլոգիական անվտանգությունը:

«Օն-լայն» խաղի արդյունքների հիման վրա «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատակիցները կայցելեն խաղի ամենաակտիվ և ջանասեր մասնակիցների դպրոցները և տեղում անցկացնելով «Կանաչ աշխարհ» խաղի «օֆ-լայն» տարբերակը` հաղթողներին կպարգևատրեն մրցանակներով:

Նախաձեռնությունն ունի մեկ այլ կարևոր բաղադրիչ ևս. «Կանաչ աշխարհ» խաղի էջում անցկացվող մրցույթն աշակերտներին կընձեռի խաղի միջոցով ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն՝ խթանելով դպրոցներում աշակերտական խմբերի ձևավորումը, որոնք կնախագծեն և  կիրագործեն իրենց համայնքներում բնապահպանական որևէ խնդրի լուծմանն ուղղված գաղափար:

Կարդացեք նաև

Բնակավայրերի էկոլոգիական անվտանգությանը նպաստող այդպիսի գաղափարներից կարող են լինել դպրոցի բակում ծառատունկի կամ հասարակական նշանակություն ունեցող որևէ տարածքում մաքրման աշխատանքների կազմակերպումը, և նմանատիպ այլ օգտակար գաղափարներ:

Գործնական միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ու ընթացքը ներկայացնող տեսանյութը և լուսանկարները կտեղադրվեն «Կանաչ աշխարհ» էջի` մրցույթի համար նախատեսված բաժնում: Տեղադրված տեսանյութերի և լուսանկարների բովանդակության գնահատման արդյունքում ի հայտ կբերվեն լավագույն գաղափարը ներկայացրած և այն լավագույնս կյանքի կոչած աշակերտական խմբերը: Ամենաարդյունավետ աշխատանքի համար նախատեսված է մրցանակ՝ համակարգիչ:

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է` հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:

«Dasaran.am» կրթական ծրագիրն արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև` թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են Հայաստանի 1400 դպրոցներից 850-ը` ավելի քան 655.777 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս