Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է վերջնականապես կարգավորվել 6 ամսում. Իրանի ԱԳՆ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է վերջնականապես կարգավորվել 6 ամսից էլ պակաս ժամանակահատվածում, ինչի համար անհրաժեշտ է միայն ժնևյան բանակցող կողմերի բոլոր մասնակիցների բարի կամքը:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին: Նա ընդգծել է, որ Հասան Ռոուհանիի նախագահ դառնալուց հետո իրանական բանագնացների նոր խումբը հենվում է իր նախորդների փորձի վրա, բանակցային նախկին փուլերի վերելքների ու վայրէջքների վրա.
«Իրանական կողմի կարծիքով՝ առաջիկա բանակցությունները պետք է բաժանվեն երկու փուլի: Առաջին փուլում անհրաժեշտ է փոխզիջման հասնել նպատակների ու հեռանկարների հարցում՝ խավարի մեջ առաջ չընթանալու համար:
Հիմնական նպատակն այն է, որ բանակցությունների արդյունքներով շահեն բոլորը, չլինեն պարտված կողմեր: Երկու կողմն էլ պետք է ունենան հավասար իրավունքներ, այլապես մենք չենք գնա զիջումների:
Երկրորդ փուլում կողմերը պետք է մեկը մյուսի հետևից կատարեն գործնական քայլեր ռազմավարական նպատակներին հասնելու ուղղությամբ: Այդ քայլերը պետք է կրեն իրատեսական ու հավասարակշիռ բնույթ, որպեսզի կողմերը կարողանան իրագործել այն»: