Լոնդոնում տեղի ունեցած վանաձորյան խմբերի համերգների ժամանակ «հայկական ելևէջներն արել են իրենց գործը»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 28-ին վանաձորյան «Որդան կարմիր» և «Ան Գորդոնախ» խմբերը Լոնդոնում բարեգործական համերգ էին ունենալու, որի ժամանակ հավաքված ողջ հասույթը տրամադրվելու էր Գյումրիի Լորդ Բայրոնի անվան երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքներին:
«Ան Գորդոնախ» խմբի անդամներն արդեն վերադարձել են հայրենիք և 168.am-ի հետ կիսվել իրենց տպավորություններով:
Խմբի կիթառահար Տիրայր Մխիթարյանն ասաց, որ վանաձորյան խմբերը Լոնդոնում ունեցել են երկու համերգ. «Առաջինը նվագել ենք «Rattlesnake» ակումբում, իսկ երկրորդը՝ հայտնի «Water Rats» ակումբում: Առաջինը համեմատաբար փոքր համերգ էր, որին ներկա էին ծանոթներ, ընկերներ, իսկ երկրորդն արդեն մեծ համերգն էր, որին ներկա էին բազմաթիվ հայեր, ինչպես նաև՝ ծանոթ և անծանոթ հանդիսատես,- ասաց Տիրայրն ու հավելեց,- Շատ հաճելի մթնոլորտ էր, շատ լավ դիմավորեցին, ուրախացնում էր հատկապես բազմաթիվ հայերի ներկայությունը, ովքեր «Որդան Կարմիրի» ելույթի ժամանակ պարզապես հրճվանքի մեջ էին. հայկական ելևէջներն իրենց գործն անում էին:
Հետաքրքիր էր հատկապես նրանով, որ հայկական ռոք խմբերը շատ հազվադեպ են ելույթ ունենում Հայաստանից դուրս: Ոչ հայ հանդիսատեսին հետաքրքիր էր լսել «Որդան Կարմիրի» հայկական ժողովրդական երգերի մշակումները, քանի որ իրենց ականջին նոր էր և հետաքրքիր: Եվ, իհարկե, զարմանքով նայում էին, թե ինչպես մի խումբ կրակոտ հայ երկրպագուներ հայկական էին պարում բեմի մոտ»:
Ինչ վերաբերում է համերգների ընթացքում հնչած երգերին, ապա նշենք, որ «Ան Գորդոնախ» խումբը նվագել է հիմնականում իրենց ձայնագրված երգերը` «By Dand» ալբոմից և «Animo Non Astutia EP»-ից, իսկ «Որդան Կարմիրը»՝ իրենց հայտնի երգերը` «Ձայն մը հնչեց», «Լեբլեբիջիների երգը», «White Elephants», «Ogre Mushrooms», և այլն:
Հավելենք, որ համերգներից հավաքվել է մոտ 50.000 դրամին համարժեք գումար, որը կհատկացվի Գյումրիի Բայրոնի անվան երաժշտական դպրոցին:
«Գումարն, իհարկե, այնքան էլ մեծ չէ, սակայն ես ուրախ եմ, որ մենք մեր փոքր ներդրումն ունեցանք դպրոցի վերակառուցման գործում»,- հավելեց Տիրայր Մխիթարյանը: