Մանկաբույժը՝ ամբաստանյալի աթոռին

Վարդենիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 14-ին նշանակված է Վարդենիսի հիվանդանոցի մանկաբույժի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Հովիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ աշխատելով Վարդենիսի հիվանդանոց ՊՓԲԸ-ում` որպես մանկաբույժ 12.03.2011-16.03.2011թթ. ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում է իրականացրել Անի Մարտիրոսյանի նկատմամբ, որի ընթացքում եղել է թերի ախտորոշում, վերջինիս նկատմամբ հետագա բուժումը շարունակելու համար Երևան քաղաք տեղափոխելիս՝ հիվանդը մահացել է: Հովիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝ դատավարության կողմերի միջնորդությամբ դատաքննության ընթացքում մի քանի անգամ նշանակվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: «Որպես մեղադրյալ՝ հարցաքննության ժամանակ և դատարանում Հովիկ Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Անի Մարտիրոսյանը Վարդենիսի հիվանդանոցի մանկական բաժանմունք է ընդունվել 2011 թվականի մարտի 12-ին: Իր կողմից ախտորոշվել է «Ստոմատիտ, ՍՇՀ»: Երեխան ստացել է հակաբիոտիկ, ներարկային թերապիա, բերանի մշակում զելյոնկայով, որոնք ամբողջությամբ արտացոլված են նրա հիվանդության պատմագրում: Անի Մարտիրոսյանի մոտ հիվանդությունը հայտնաբերելու և լիարժեք բուժում կատարելու հետ կապված՝ ինքը կատարել է այն ամենը, ինչի հնարավորությունը տվել են հիվանդանոցի պայմաններն ու տեխնիկական զինվածությունը:

Հիվանդի ռենտգեն հետազոտություն, ուլտրաձայնային քննություն, կղանքի բակտերիոլոգիական քննություն և արյան բիոքիմիական հետազոտություն չի կատարել, քանի որ դրանց կարիքը չի եղել, և առանց այդ հետազոտությունների՝ հնարավոր է եղել լիովին ախտորոշել հիվանդությունը: Նկատի ունենալով, որ 2011թ. մարտի 15-ին Անի Մարտիրոսյանի մոտ գումարվել է երկրորդային ինֆեկցիա, սկսել է զարգանալ երկրորդային տոքսիկոզ, և կարիք է առաջացել կատարել երեխայի խոր մասնագիտական հետազոտում ու բուժում, որի հնարավորությունը «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն չունի, ուստի, իր առաջարկությամբ և ծնողների համաձայնությամբ՝ վերջիններս երեխային տեղափոխել են Երևան քաղաք՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Քանի որ երեխայի մոտ չեն եղել շնչառության հաճախացում, քիթ-շրթունքային եռանկյան ցիանոզ, կրծքավանդակի ներքաշումներ, աուսկուլտատիվ խզզոցներ, ինքը համոզված է եղել, որ երեխայի մոտ թոքաբորբ չկա, այդ պատճառով չի կատարել ռենտգեն նկարահանում՝ չցանկանալով երեխային ենթարկել լրացուցիչ ճառագայթման և չարչարանքի: Երեխայի մահվան պատճառը եղել են ոչ թե հիվանդանոց ընդունելու պահին նրա մոտ եղած հիվանդությունները` ստոմատիտ, ՍՇՀ, այլ վերջին պահին զարգացած տոքսիկոզը և դրա հետևանքով զարգացած սեպսիսը:

Կարդացեք նաև

Նույն ցուցմունքը Հովիկ Սարգսյանը պնդել է դատաքննության ժամանակ՝ ավելացնելով, որ, եթե նույնիսկ Անի Մարտիրոսյանի մոտ հայտնաբերվեր թոքաբորբ հիվանդություն, միևնույն է, նրա նկատմամբ կիրականացվեր նույն այն բուժումը, ինչը որ կատարվել է «Ստոմատիտ ՍՇՀ»-ի դեպքում»,- նշված է Datalex-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս