Ստեփան Խզրթյան. «Էական չէ՝ որտեղ ես սովորում, էական է՝ ինչպես ես սովորում»
armscoop.com –ը ներկայացնում է արտասահմանյան բուհերում ուսանած և հայրենիք վերադարձած երիտասարդների հետ հարցազրույցների շարք: Այս անգամ զրուցակիցը Ստեփան Խզրթյանն է: Ստեփան Խզրթյանը Երևանի պետական համալսարանում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան, Հայաստանի ամերիկյան համալսարանում` ընդհանուր իրավունքի իրավաբանության մագիստրոսի կոչում: 2011թ-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանը` ստանալով Առևտրային իրավունքի իրավաբանության մագիստրոսի աստիճան: Ստեփանը նաև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է:
-Ինչու՞ ընտրեցիք հենց Քեմբրիջի համալսարանը, ի՞նչ տվեց քեմբրիջյան ուսումը Ձեզ և արդյո՞ք Մեծ Բրիտանիայում ապրելու տարիներին չվերադառնալու ցանկություն չի առաջացել:
-Աշխատելով իրավաբանական ոլորտում` հասկացա, որ ունեմ կայացած գիտելիք և փորձ ՀՀ և ԱՄՆ օրենսդրական դաշտի մասով և ցանկություն առաջացավ ուսումնասիրելու նախադեպային իրավունքի մեկ այլ երկրի՝ Մեծ Բրիտանիայի օրենսդրական դաշտը:
-Քեմբրիջում սովորելու տարիներին հասկացա, որ կարևոր չէ, թե որտեղ ես սովորում, կարևոր է` ինչպես ես սովորում: Երեք կարևորագույն բան, որ Քեմբրիջը տալիս է՝ մուտքն է միջազգային ցանցեր, որ ընդգրկում է ուսանողներ, դասախոսներ և շրջանավարտներ աշխարհի տարբեր ծայրերից, համալսարանի ժառանգությոունն է, որ ամփոփված է իր անվան մեջ և, իհարկե, մտահորիզոնի լայնացումը:
Անշուշտ, ցանկություն եղել է որոշ ժամանակ անց վերադառնալու արտասահման, սակայն դա անժամկետ հետաձգվեց, երբ աշխատանք ստացա «Լույս» հիմնադրամում: Իմ դերը «Լույս»-ում գիտելիքի ցանցերի ճարտարապետությունն էր: Այլ կերպ ասած՝ ես, ուսումնասիրելով «Լույս»-ի կրթաթոշակառուների մարդկային ռեսուրսները, գիտելիքները և փորձը, ինչպես նաև ՀՀ աշխատաշուկայի հնարավորությունները, փորձում էի դրանք կապելով, մեր մարդկային ռեսուրսների հոսքը ուղղել Հայաստան: Ծրագիրը կոչվում էր «Հանգրվանը` Հայաստան»:
-Ինչպիսի՞ արդյունքներ է գրանցել ծրագիրը և արդյո՞ք գործում է մինչ այսօր :
-Իմ մեկամյա աշխատանաքային գործունեության արդյուքնում տասներկու երիտասարդներ վերադարձան Հայաստան և այստեղ կա´մ ընդունվեցին աշխատանքի, կա՛մ իրենց սեփական գաղափարները վերածեցին բիզնեսի: Այդ մեկ տարվա ընթացքում համագործակցություն ձեռք բերեցինք «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) և «Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամների հետ: Արդյունքում այսօր գոյություն ունի առանձին գրասենյակ, որ զբաղվում է բացարձակապես դրանով: Գրասենյակի գործունեության ընթացքում ավելի քան 100 երիտասարդ վերադարձել են հայրենիք:
-Ձեր անունը հաճախ կապվում է «ՀԵՆՔ» երիտասարդական նախաձեռնության հետ: Պատմեք այդ մասին:
-«ՀԵՆՔ»-ը հիմնադրվել է 2007-ին` որպես «Հայ Երակ» ՀԿ-ի գաղափարահաջորդ: Նպատակն էր հայ երիտասարդներին ներշնչել քաղաքացիական ոգի, հարգանք ազգային ինքնության, պետական խորհրդանիշների նկատմամբ և, իհարկե, ընգրկել հասարակական կյանքի մեջ: Իրականացրել ենք տարբեր ծրագրեր: Ամենահաջողվածներից մեկը «Աշակերտներն այսօրվա, քաղաքացիները վաղվա», ծրագիրն էր: Վերջինս իրենից ներկայացնում էր 6-12 դասընթացներից կազմված սեմինարների շարք, որն ուներ երեք ուղղություն. աշակերտը՝ որպես հայ, աշակետը՝ որպես մարդ, աշակերտը՝ որպես քաղաքացի: Ծրագիրը իրականացվել է 10-ից ավելի դպրոցներում, ավելի քան 200 աշակերտների հետ թե´ Երևանում, թե´ մարզերում: Մեկ այլ ծրագիր, որ կցանկանայի առանձնացնել «Կանաչ լույս» արշավն է, որի ներսում առանձնացրել էինք երեք հիմնական վարք. հետիոտնը պետք է փողոցը հատի ըստ կարգի, վարորդները պետք է ամրագոտի կապեն ու պետք է զիջեն հետիոտնին: Ծրագիրը ձեռնարկվել էր գարնանը և հենց նույն տարվա ամռանը ընդունեց իրավական ակտ, ըստ որի այս երեք դրույթները խախտող անձինք պետք է տուգանվեն: Կարծում եմ, որ մեր նախաձեռնությունը որոշակիորեն նպաստել է այդ ակտի ընդունմանը:
-Այն երիտասարդներին, որոնք կրթություն ստանալու նպատակով ցանկանում են մեկնել արտասահման, ի՞նչ խորհուրդ կտաք:
-Միանշանակ փորձել, քանի որ դա, ի շարս ստանալիք գիտելիքների և փորձի, ունենում է հոգեբանական լուրջ նշանակություն: Քեմբրիջում ոչ միայն գիտելիքներ և կարևոր կապեր եմ ձեռք բերել, այլև՝ ինքնախոհության հնարավորություն`որպես հայ և որպես մարդ: Ես միշտ հասանելի եմ այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են խորհուրդ լսել ինձնից: Այս ամենի հետ մեկտեղ ես չեմ խրախուսում արտագաղթը և չեմ ընդունում, որ Հայաստանում հնարավոր չէ ստանալ լավ կրթություն:
Պետք է հասկանալ և գնահատել Հայաստանի հնարավորությունները: Մեր երկրում երիտասարդներին հնարավորություն է տրվում ստանձնելու առավել պատասխանատու պաշտոններ և առաջնորդություն: Մի բան, որ չի տրվում զարգացած երկրներում: Զարգացող երկրներում ցանկացած նախաձեռնություն ավելի տեսանելի է և ունենում է շատ ավելի մեծ նշանակություն: Իմ հորդորն է երիտասարդներին`դիտեք Հայաստանը որպես ձեր տուն կամ գրասենյակ, իսկ աշխարհը՝ որպես գործելադաշտ:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: