Բաժիններ՝

Կարեն Ավագյանը արձագանքում է «168 ժամի» հրապարակմանը

Ինչպես տեղեկացրել էինք, մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրը՝ Արթուր Ավագյանը, օրերս նշանակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Վարչատնտեսական և սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում: Հրապարակմանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Կարեն Ավագյանը` գրելով.

« «168 ժամի» այսօրվա «դարակազմիկ» հրապարակման մասին։ Եթե այդտեղ մի հավաստի տեղեկություն կա, ապա դա այն է, որ Արթուր Ավագյանն իրոք իմ եղբայրն է։ Ի գիտություն թերթի հարգարժան խմբագրակազմի՝ տեղեկացնեմ, որ Արթուր Ավագյանն աշխատել ոչ թե պետական գնումների գործակալությունում, այլ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում՝ որպես ծրագրերի ղեկավար (տնօրենի տեղակալ)։ Ես՝ Կարեն Ավագյանս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ եմ ոչ թե 3 տարի, ինչպես գրված է հոդվածում, այլ 8 տարի։ Թերթը «հայտնագործում» է, թե ես այժմ պաշտպանում եմ դոկտորական ատենախոսություն։ Տեղեկացնեմ, որ գիտական այդ աստիճանը ես ստացել եմ շուրջ 2 տարի առաջ։ Ինչ վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի իմ հավակնություններին, ապա բուհն ունի ռեկտոր, իսկ ես՝ իմ աշխատանքը խորհրդարանում։ Հատուկ «168 ժամի» համար ասեմ, որ Արթուր Ավագյանն առայժմ չի նշանակվել լեզվաբանական համալսարանի պրոռեկտորի պաշտոնում։ Ինչ վերաբերում է իմ մասին տեղեկատվությանը, ապա այն ճշտելու համար կարելի էր կապվել ինձ հետ կամ էլ համացանցում փնտրման համակարգով ճշտել կենսագրական տվյալները, դրա հնարավորությունն այսօրվա տեխնոլոգիաները տալիս են։
Այսքանից հետո, թե ինչու է «168 ժամը» նման նյութ պատրաստել, թողնում եմ ընթերցողի դատին»:

«168 Ժամ»– Նշենք, որ Կարեն Ավագյանի կենսագրական տվյալները ներկայացնելիս ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համակարգող նշելու փոխարեն, նշվել էր նախագահ, իսկ դոկտորականի հարցում իսկապես վրիպում էր եղել։

Սակայն բուն նյութը վերաբերում էր ոչ թե այս տվյալներին, այլև Կ. Ավագյանի եղբոր՝ գործի տեղավորվելուն, որն ԱԺ պատգամավորը ըստ էության չի հերքել՝ նշելով, որ իր եղբայրը  «առայժմ չի տեղավորվել»։ Սակայն մեկ անգամ ևս կրկնենք, որ Արթուր Ավագյանն արդեն իսկ նշանակվել է և օրեր առաջ ներկայացվել բուհի աշխատակազմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս