«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները շարունակում են ցուցմունքներ տալ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Կողմերի հարցերին է պատասխանում գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը: Ամբաստանյալն ասաց, որ ինքը տեսել է՝ ինչպես է կռիվ սկսել Գարիկ Մարգարյանի և Արտակ Բայադյանի հետ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինքը կռվել է միայն Գարիկ Սողոմոնյանի հետ, հարվածներ է հասցրել միայն նրան, իսկ մյուս տղաները իրենց կռվին չեն մասնակցել: Ինքը կռվի ընթացքում ձեռքով հարվածել է Գարիկ Սողոմոնյանին, նրան պատճառել քթի կոտրվածք: Իր հարվածի արդյունքում տուժողը պպզել է, ինքը Գարիկ Սողոմոնյանին ասել է՝ «Թող ստեղից, փախի´, գնա´»:
Ամբաստանյալի ցուցմունքների համաձայն՝ դրանից հետո Գարիկ Սողոմոնյանը բարձրացել է տեղից, ասել՝ «դուք ձեր հալը կտենաք», ապա հայհոյանքներ տալով հեռացել դեպի ամառային սրահի կողմը: Ամբաստանյալի խոսքով՝ ինքը տուժող Գարիկ Սողոմոնյանի վիճակից զգացել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է, սթափ վիճակում չէ:
Արթուր Բաբլոյանը, պատասխանելով գործով մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին՝ քանի՞ անգամ է հարվածել Գարիկ Սողոմոնյանին, ասաց. «Չեմ կարա ասեմ՝ քանի հարված եմ հասցրել, մեկս մյուսին հարվածել ենք»: Հարցին՝ ինչու է հարվածել Գարիկ Սողոմոնյանին, ամբաստանյալ Ա. Բաբլոյանը պատասխանեց. «Ինքը հայհոյեց ու սկսավ ինձ խփել»: Ա. Բաբլոյանի խոսքով՝ իր ու տուժող Գարիկ Սողոմոնյանի միջև կռիվը տևել է 15-20 վայրկյան: Պատասխանելով մեղադրողի հարցին՝ Արթուր Բաբլոյանն ասաց, որ տեսել է Նորայր Հայրապետյանին և Վահե Ավետյանին: «Կեպիով տղան հայհոյանքներ տալով գալիս էր դեպի Նորայրը»,- ասաց նա:
Արմեն Մարուխյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է, որ Արթուր Բաբլոյանին որևէ մեկը զանգահարել է իրեն և ասել կռվի մասին, որից հետո ինքը գնացել է դեպքի վայր: Հարցին ամբաստանյալը բացասական պատասխան տվեց: Արմեն Մարուխյանը հետաքրքրվեց նաև՝ ինչու ամբաստանյալը որոշեց ցուցմունքներ տալ հենց հիմա: Ի պատասխան ամբաստանյալն ասաց, որ քանի որ իր ընկներները ցուցմունքներ տվեցին իրենց գործողությունների մասին, ինքն էլ որոշեց ցուցմունքներ տալ իր գործողությունների մասին: Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հնչեցրած հարցերին: Անպատասխան մնաց նաև հարցը՝ ինչո՞ւ է ամբաստանյալը հրաժարվում պատասխանել տուժողների ներկայացուցչի հարցերին:
Ըստ Արթուր Բաբլոյանի՝ մյուս ամբաստանյալ Արման Բաղդասարյանին ինքը տեսել է, երբ նա Նորայր Հայրապետյանից հետաքրքրվում էր, թե ինչ է տեղի ունեցել: Արթուր Բաբլոյանն ասաց, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն իր գործողությունների համար՝ Գարիկ Սողոմոնյանին հարվածելու համար:
Մեղադրանքի կողմը ժամանակ խնդրեց նոր տված ցուցմունքները հետաոտելու համար՝ նշելով, որ դրանից հետո կարող են լինել միջնորդություններ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: