
Օբաման ու հանրապետական կոնգրեսականները համաձայնության չեն եկել պետպարտքի հարցում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հանդիպել է հանրապետական կոնգրեսականների հետ և քննարկել է պետհիմնարկների ֆինանսավորման և առավելագույն պետպարտքի հետ կապված խնդիրներ: Սակայն կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության:
Այս մասին հայտնել է Սպիտակ տունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հետագա հնարավոր քայլերի քննարկումից հետո չի արվել որևէ կոնկրետ հստակեցում: Օբաման հուսով է, որ բանակցություններն արդյունք կտան, նրա նպատակը պետհիմնարկների աշխատանքի վերականգնումն է, աշխատատեղերի ստեղծումը և միջին դասի ամրապնդումը:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում սկսվել է ֆինանսական նոր տարին, սակայն Օբամայի առաջարկած առողջապահական ոլորտի բարեփոխման պատճառով Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականները տապալել են պետբյուջեի հաստատման նախագիծը, ինչն էլ հանգեցրել է պետհիմնարկների աշխատանքի դադարեցմանը:
ԱՄՆ կոնգրեսը նաև չի բարձրարցրել փոխառությունների սահմանը, որը ներկայումս կազմում է 16.7 տրիլիոն դոլար: Եթե այն չբարձրացվի մինչև հոկտեմբերի 17-ը, ապա ԱՄՆ-ին սպառնում է դեֆոլթ: