Նախախորհրդարանի անդամներին միջնորդավորված առաջարկում են հանդիպել Սամվել Ալեքսանյանի հետ

Նախախորհրդարան նախաձեռնության ներկայացուցիչները այսօր հրավիրված ասուլիսում՝ տեղեկացնելով, որ երեկ գիշեր անհայտ անձինք ավտոմեքենայով հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանին, միաժամանակ պատմեցին վերջինիս հետ պատահած մեկ այլ ուշագրավ դեպքի մասին:

Մասնավորապես, Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ մինչ այդ հետապնդումը` օրվա ընթացքում, երբ Նախախորհրդարանը բողոքի ակցիա էր իրականացնում` ընդդեմ սուպերմարկետի վերածված Փակ շուկայում իրականացված ապօրինի գործողությունների, մի անձնավորություն, ով ներկայացել է Ռուբո անունով, իջնելով գործարար, հանրապետական պատգմավոր Սամվել Ալեքսանյանի մեքենայից, մոտեցել է Սէֆիլյանին և առանձնազրույցի հրավիրել: Սակայն Սէֆիլյանը մերժել է, որից հետո տվյալ անձը հեռացել է: Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի անունը սերտորեն կապվում է Փակ շուկայի խնդրի հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին` ըստ Նախախորհրդարանի` հետապնդումն իրականացվում է Սամվել Ալեքսանյանի՞ թելադրանքով, ինչին նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը պատասխանեց, թե այս պահին իրենք պարզապես արձանագրում են փաստերը և չեն կարող հեռուն գնացող եզրակացություններ անել:

Սակայն միաժամանակ Չուգասզյանն ավելացրեց, որ սա առաջին դեպքը չէ. Նախախորհրդարանի անդամներին նախկինում ևս եղել է միջնորդավորված առաջարկ` հանդիպելու Սամվել Ալեքսանյանի հետ և քննարկելու Փակ շուկայի հարցը:

Կարդացեք նաև

«Ասեմ, որ տարբեր միջնորդավորված առաջարկներ են եղել հանդիպելու… Միջնորդներն առաջարկել են հանդիպում Սամվել Ալեքսանյանի կամ, այսպես ասեմ, կառուցապատողի հետ, որին «ոչ» չենք ասել, այլ ընդամենը առաջարկել ենք, որ դա լինի պատկան մարմինների ներկայությամբ և որոշակի հրապարակայնության պայմաններում»,- ասաց Չուգասզյանը:

Նախախորհրդարանի ներկայացուցիչները շեշտեցին, որ հաստատակամ են «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում պայքարելու Փակ շուկայի նկատմամբ իրականացված ապօրինությունների դեմ:

«Մենք գործ ունենք բացառիկ ապօրինության հետ, սա ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավունքի խախտում է, ինչը ենթադրում է դատական գործընթացների ընթացք և քաղաքացիական պայքարի ողջ զինանոցի օգտագործում` ընդհուպ մինչև անհնազանդության տարբեր ձևեր»,- նշեց Գարեգին Չուգասզյանը:

Իսկ կոնկրետ ի՞նչ դժգոհություններ ունի «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնությունը` Փակ շուկայի ճարտարապետական տեսքի կամ դրա աղավաղման իմաստով, և որո՞նք են նախաձեռնության պահանջները:

Ի պատասխան մեր հարցադրմանը` Գարեգին Չուգասզյանն ասաց. «Շենքի կամարակապ ամբողջ հրաշալի կառույցը գրեթե կեսի չափով ոչնչացված է, իսկ մյուս մասը` տարածական լուծումը, մեջտեղից կիսված է: Եվ երևի այս կառույցի ճարտարապետը` Գրիգոր Աղաբաբյանը, 1952 թվականին այնքան խելք չունե՞ր, որ երկու հարկ չարեց, և նոր «ճարտարապետները» որոշել են, որ այդտեղ կարելի է երկրորդ հարկ ունենալ»:

Իսկ այն հարցի մասին, թե ի՞նչ փոխզիջման կարող են գնալ ակտիվիստները կառուցապատողի հետ, Գարեգին Չուգասզյանը նշեց. «Մենք մեր պահանջների մեջ հստակ գրել ենք` կոմպրոմիսն այն է, որ հուշարձանը կմնա այսօրվա օգտագործողի ձեռքին, եթե նա վերականգնի հուշարձանը` այն բերելով իր նախնական տեսքին: Այսինքն՝ մենք պահանջ ենք դնում իրենից վերցնել հուշարձանը, ինչն օրենքի պահանջն է, բայց կոմպրոմիսն այն է, որ պատրաստ ենք պահել այդ հուշարձանն իր ձեռքերում մի պայմանով, եթե նա տիրոջ վարք ցուցաբերի այդ հուշարձանի նկատմամբ… Սա օրենքի պահանջ է, մենք ընդամենը ասում ենք, որ պետք է ի կատար ածվի այդ օրենքը, և պահպանական պարտավորագիր ստորագրվի շահագործողի և պետության միջև»:

Գարեգին Չուգասզյանը շեշտեց, թե անկախ այն հանգամանքից` տվյալ կառույցը պատկանում է ինչ-որ մեկին, թե ոչ, միևնույն է, եթե այն հայտարարվել է հուշարձան, ապա դառնում է հանրության սեփականությունը, և հասարակությունը որոշակի իրավունքներ է ձեռք բերում դրա նկատմամբ:

Նա նաև ավելացրեց, որ հուշարձանի կառուցապատողներն այն վերաբացելու համար չեն ունեցել ո´չ սեյսմիկ ծառայության, ո´չ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ո´չ էլ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թույլտվությունը:

«Այստեղ խախտումների կասկադ է, մի խախտում չէ, դրանք շատանում են: Ձրի հաց տալով և ժողովրդին դրա մեջ ներքաշելով` վտանգն ավելի է մեծանում… Եթե մենք ունենք ադմինիստրատիվ համակարգ, որը գոնե ինչ-որ չափով հետևում է կարգուկանոնին, ապա չի կարող անտեսվել նման խոշոր մասշտաբի ապօրինությունը»,- ասաց Գ. Չուգասզյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031