Բաժիններ՝

Մանրամասներ` երեկ գիշեր Ժիրայր Սէֆիլյանի հետ տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նախախորհրդարան նախաձեռնության ներկայացուցիչները այսօրվա ասուլիսում հայտարարեցին, որ երեկ կեսգիշերին մոտ անհայտ անձինք արծաթագույն BMW մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանին, ով իր մեքենայով տուն վերադառնալիս է եղել: Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, ով այդ ժամանակ եղել է Ժիրայր Սէֆիլյանի հետ, ասաց, որ իրենց հաջողվել է ֆիքսել հետապնդող մեքենայի պետհամարանիշերի մի մասը միայն` 24 MU, իսկ հետապանդումը` Զեյթուն վարչական շրջանում, տևել է մոտ կես ժամ, որից հետո հաջողվել է խուսափել հետապնդումից:

Իսկ ցանկություն չի՞ առաջացել կանգնեցնելու մեքենան և պարզելու` տվյալ մեքենայով անձինք իսկապես հետապնդո՞ւմ են իրենց, թե՞ ոչ:

«Նախ ասեմ, որ մենք մի 5-6 անգամ գիշերվա ժամի իմաստով տարբեր անմարդաբնակ փողոցներ մտնելուց հետո հասկացանք, որ այդ մեքենան մեզ հետապնդում է, և մենք անընդհատ փորձում էինք գնալ այդ մեքենայի ուղղությամբ, մոտենալ և պետհամարանիշը մինչև վերջ ճշտել, բայց նրանք միացնում էին մեքենայի լուսարձակները` թույլ չտալով, որ տեսնենք ամբողջական պետհամարանիշը: Այդ ժամանակ արդեն իրենք էին խուսափում, և մի տեսակ բռնոցու նման մի բան ստացվեց: Վերջում տեսանք, որ շարունակելն ուղղակի անիմաստ է և ուղղակի կորցրեցինք իրենց հետքը»,- պատասխանեց Վարուժան Ավետիսյանը

«Իսկ դրանից առաջ` օրվա ընթացքում` ժամը 16-ի սահմաններում, Ծածկած շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Ռուբո անունով ներկայացած մի անձնավորությում մոտեցել է պարոն Սէֆիլյանին և փորձել առանձնազրույցի հրավիրել, Ժիրայր Սէֆիլյանը մերժել է, և նա հեռացել է: Այդ մարդը Սամվել Ալեքսանյանի հետ նույն մեքենայում է նստած եղել»,- ավելացրեց Վարուժան Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե, ըստ Նախախորհրդարանի անդամների, հետապնդումն իրականացվում է Սամվել Ալեքսանյանի՞ թելադրանքով, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց, թե այս պահին իրենք պարզապես արձանագրում են փաստերը և չեն կարող հեռուն գնացող եզրակացություններ անել:

«Սակայն այն, որ այս հետապնդումները նոր չեն, գիտենք: Մեր շարժման մասնակիցները բազմիցս ենթարկվել են հետապնդումների, և դրանց մասին նույնպես եղել են հայտարարություններ, որ փորձում են ահաբեկել, սպառնալ: Բայց, ինչպես արդեն հայտարարվեց, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ մեր որոշումների վրա, և մենք շարունակելու ենք առաջ տանել մեր պայքարը»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս