ՀՅԴ-ն իշխանությունը կփոխի ներսից
Այսօր կառավարության նիստում կհաստատվի Արարատի մարզպետի փոփոխությունը. Արամայիս Գրիգորյանը կնշանակվի Արարատի մարզպետ: Արամայիս Գրիգորյանը ՀՅԴ համամասնական ցուցակի 8-րդ համարն է, և այս նշանակումը կարևոր է նաև այն իմաստով, որ մշտապես Դաշնակցության հետ ասոցիացվող այս գործիչը հայտնվում է գործադիր իշխանությունում:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակվելու դեպքում, ըստ ցուցակի հաջորդականության, հենց նա պետք է դառնար ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ, քանի որ հերթը կանգնելու էր նրա վրա: Բայց պաշտոն ստանալով գործադիր իշխանությունում, Արամայիս Գրիգորյանն իր հերթը զիջում է ցուցակում 9-րդ համարին` Միքայել Մանուկյանին: ՀՅԴ մեր աղբյուրները պնդում են, որ Դաշնակցությունում ցանկանում են, որպեսզի պատգամավոր դառնա ցուցակի 11-րդ համարը` Ռուզաննա Առաքելյանը, որպես հին դաշնակցական և կին. ՀՅԴ խմբակցությունը միակն է, որտեղ կին պատգամավոր չկա: Իսկ մինչև Ռուզաննա Առաքելյանը` ցուցակում կա նաև 10-րդ համարը` Կարեն Շահմուրադյանը`«Արմենիա Լադայի» գլխավոր տնօրենը:
Միքայել Մանուկյանը պատրաստ է հրաժարվել պատգամավորական մանդատից, բայց ի՞նչ անել Կարեն Շահմուրադյանի հետ, ով զգալի ներդրում է կատարել կուսակցության նախընտրական հիմնադրամում: Չեն կարող, չէ, նրան ասել, որ շնորհակալ ենք գումարի համար, բայց պատգամավոր պետք է դառնա մեր ուզած մարդը: Առանց այն էլ` ընտրություններից հետո ՀՅԴ նախընտրական քարոզարշավի գլխավոր հովանավոր «Գրանդ հոլդինգի» շահերը չոտնահարելու համար ստիպված եղան զոհել Արտյուշա Շահբազյանին, որպեսզի «Գրանդ Քենդիի» գործադիր տնօրեն Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատ ստանա:
Բայց մյուս կողմից` ՀՅԴ-ում հասկանում են, որ չի կարելի ամբողջ խմբակցությունը համալրել կոմերսանտներով, որքան էլ որ նրանց ներդրումը նախընտրական հիմնադրամում շոշափելի լինի: Եվ եթե ՀՅԴ-ում չկարողանան համոզել Շահմուրադյանին, կամ Արամայիս Գրիգորյանի օրինակով նրա համար էլ գործադիր իշխանությունում մի համար գործ դասավորել, ապա պատգամավոր կդառնա Միքայել Մանուկյանը:
Արամայիս Գրիգորյանի նշանակումը պարունակում է նաև մեկ այլ կարևոր ազդակ: ՀՅԴ-ն անթաքույց ինտեգրվում է իշխանությանը` առանց պաշտոնապես կոալիցիա մտնելու: Դաշնակցականները ներքին օգտագործման համար մի տեսություն են հորինել, ըստ որի` իրենք մտնում են իշխանության մեջ, որպեսզի փոխեն իշխանությունը: Նրանք հայտարարում են, որ 20 անցած տարիների փորձն իրենց ցույց է տվել, որ իշխանությունը դրսից վերցնելու բոլոր փորձերը ձախողված են, քանի որ իշխանությունն իր ունեցած լծակներով այնքան ուժեղ է, որ ընդդիմությանը հաղթելու ոչ մի շանս չի տալիս: Դրա համար ավելի հեշտ է մտնել իշխանական կառույցների մեջ և ներսից իշխանափոխություն իրականացնել: Մի հարցում նրանք իսկապես ճիշտ են. Դաշնակցությանը երբեք չի հաջողվի Հայաստանում իշխանափոխություն իրականացնել: Դրա համար Դաշնակցությանը պետք է հանրային աջակցություն, ինչը Դաշնակցությունը չունի և մոտ ապագայում հազիվ թե ունենա:
Բայց իրականությունը բոլորովին այլ է. ոչ թե դաշնակցականներն են մտնում իշխանության մեջ` այն փոխելու համար, այլ իշխանությունն է մտել դաշնակցականների մեջ՝ փոխելով նրանց: Դաշնակցականներն այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իշխանության: Եվ, եթե դաշնակցականները հասկանում են, որ չեն կարողանալու իշխանափոխություն իրականացնել, ինքնաբերաբար կորչում է ընդդիմություն լինելու կամ ընդդիմություն խաղալու իմաստը: Այնպես որ, շատ ռացիոնալ որոշում են կայացրել Դաշնակցության ղեկավարները՝ իշխանության մեջ մտնելու մասով:
Հաջորդ քայլը կարող է լինել այն, որ հաջորդ ընտրություններին նրանք կմտնեն ՀՀԿ համասնական ցուցակ, իհարկե` որպես ՀՅԴ անդամներ: Մինչև հիմա այդպես են վարվել բոլոր նրանք, ովքեր իշխանությունը դրսից փոխելու անհաջող փորձեր են արել և համոզվելով դրա անհնարինության մեջ` մտել են իշխանության մեջ՝ այն ներսից փոխելու համար:



