Բաժիններ՝

Գյումրիում վերակառուցվել և իր գործունեությունն է սկսել «Վիլլա Կարսը» (լուսանկարներ)

Օրերս Գյումրիում տեղի ունեցավ «Վիլլա Կարս» հյուրատան բացումը: Հյուրատունն իր հարկի տակ ներառելու է նաև «Խաղաղության և զարգացման միջազգային կենտրոնը»: Կենտրոնի հիմնական նպատակն է՝ ստեղծել բարենպաստ միջավայր մշակութային փոխադարձ շփումների և մշակութային երկխոսությունների իրականացման համար՝ հատկապես կարևորելով Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև՝ թուրքական մշակութային ինստիտուտների ընդգրկումն այս գործընթացում:

«Վիլլա Կարսի» բացման արարողությանը ներկա էին հյուրեր ինչպես՝ մայրաքաղաքից, այնպես էլ՝ արտերկրից: Հատկանշական է այն փաստը, որ կառույցը, որտեղ ստեղծվել է «Վիլլա Կարսը», ճարտարապետական լուծումներով պահպանել է իր ազգային կոլորիտը և Գյումրիի շունչը: Դեռ մի քանի տարի առաջ կառույցը գտնվում էր անմխիթար վիճակում:  Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի ջանքերով վերջինս վերանորոգվել է՝ պահպանելով իր նախնական ճարտարապետական տեսքը:

Gyumri3

Gyumri1

Կարդացեք նաև

Gyumri5

Անտոնիո Մոնտալտոն առաջին անգամ Հայաստան է ժամանել դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո: Մասնագիտությամբ բժիշկ՝ տարիներ շարունակ աշխատել է հիմնականում առողջապահության ոլորտում՝ ի գործ բերելով մայրության և մանկանց խնդիրներին վերաբերող ծրագրեր: Վերջին ժամանակներին նա ուշադրությունն առավել ուղղել է դեպի տուրիզմի կազմակերպման և արհեստների խթանման գործում կայուն աշխատատեղերի ստեղծումը: Իտալիայի պատվո հյուպատոսի նախաձեռնությամբ Գյումրիում ստեղծվելու է նաև հատուկ հիմնադրամ՝ «Գյումրիի բարեկամներ», որի հիմնական նպատակը կլինի միջազգային բազմաթիվ ծրագրերի իրականացումը և երկկողմանի փոխհարաբերությունների հաստատումը, որի արդյունքում զարկ կտրվի Գյումրիի՝ ինչպես ընդանուր զարգացմանը, այնպես էլ, մասնավորապես, քաղաքի զբոսաշրջության զարգացմանը:

Gyumri

Միջոցառման մասնակիցներն իրենց խոսքում կրկին նշեցին Գյումրիի ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ մարդկանց վրա: Ֆրանսահայ գործարար Մանուկ Փամուկչյանն իր խոսքում նշեց. «Մենք պետք է այնպես անենք, որ քաղաքի մշակութային, սոցիալ-տնտեսական զարգացումն արագանա, և երիտասարդներն էլ իրենց ապագան իրենց քաղաքի հետ կապեն»:  Նախատեսվում է Գյումրիում բացել նաև կերամիկայի դպրոց, որի համար ևս առանձին շինություն է նախատեսված: Ըստ այդմ, քաղաքում կվերակառուցվեն հին և պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցները, որոնք մինչ օրս մատնված են եղել անտարբերության:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս