
Իրականությունը պահանջում է Վրաստանի ու Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսության սկսում. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցությունից նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը պետք է լինի բարձր մակարդակի երկխոսության ճանապարհով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը.
«Անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան երկրների և տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ նախկին կառավարության անմտածված և անհավասարկշիռ քաղաքականությունը փակուղի մտցրեց ռուս-վրացական հարաբերությունները:
Ակնհայտ է, որ գործընթացը մեռյալ կետից առաջ շարժելու և տարածքային ամողջականության վերականգնման համար բավական չեն միայն դիվանագիտական բողոքի նոտաները: Իրականությունը պահանջում է Վրաստանի ու Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսության սկսում»:
Բուրջանաձեի խոսքերով՝ Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարությունը եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելն է: Բուրջանաձեն ընդգծել է, որ Վրաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին: