ԱՄՀ-ն նվազեցրել է ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումները
Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները՝ 2013 թ-ի համար այն 3.2%-ից նվազեցնելով 2.9%, իսկ 2014 թ. համար՝ 3.8%-ից նվազեցնելով 3.6%: Զարգացած երկրների տնտեսության աճը, ԱՄՀ կարծիքով, 2013-ին կկազմի 1.2%, ինչպես և սպասվում էր ամռանը, իսկ 2014-ին կարագանա մինչև 2%: Ինչպես նշվում է երեկ հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում (World Economic Outlook), ընթացիկ տարում ԱՄՆ տնտեսության աճի կանխատեսումը 1.7%-ից նվազեցվել է 1.6%, իսկ 2014-ին՝ 2.8%-ից մինչև 2.6%: Եվրոգոտու տնտեսությունը, ԱՄՀ փորձագետների կարծիքով, կաճի 0.4%-ով, իսկ 2014-ին՝ 1%:
Հայաստանի համար ԱՄՀ մասնագետները նույնպես կանխատեսել են տնտեսական աճի դանդաղեցում: Այսպես՝ ՀՀ համար ՀՆԱ աճը 2013-ին կանխատեսվում է 4.6%, 2014-ին՝ 4.8%, գնաճը համապատասխանաբար՝ 7.0% և 3.5%, գործազրկությունը համապատասխանաբար՝ 18.5% և 18%: ՀՀ ՀՆԱ աճը 2018 թ-ին կհասնի 5.5%-ի:
«ՀՀ-ում տնտեսական աճի դանդաղեցմանը կնպաստի գյուղատնտեսության աճի տեմպերի անկումը, ինչը պայմանավորված է 2012-ին բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ գրանցված բարձր աճով, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումներով»,- ասվում է ԱՄՀ զեկույցում:
Նշենք, որ ԱՄՀ ավելի վաղ արված կանխատեսումներով, 2013-ին ՀՀ տնտեսությունը պետք է 5.1% աճ գրանցեր, 2014-ին՝ 5.3%, 2015-2016 թթ.՝ 5.5%: