Էդուարդ Շարմազանով. Մենք պետք է ձեռնոց նետենք ահաբեկչությանը և ռասիզմի դրսեւորումներին
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:
ԱԺ փոխնախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը գտնվում է ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում եւ Հայաստանի ուշադրության կենտրոնում: Էդուարդ Շարմազանովի խորին համոզմամբ՝ ահաբեկչությունը ծնվում է այնտեղ, որտեղ բացակայում է հանդուրժողականությունը, ինչն էլ հանգեցնում է արմատական ազգայնամոլական տրամադրությունների:
ԱԺ փոխնախագահը ափսոսանք է հայտնել, որ ԱՊՀ տարածքում այսօր էլ կան երկրներ, որտեղ տիրում է միջազգային եւ միջդավանական թշնամանքը եւ որտեղ ծնվում են այլատյացությունն ու ահաբեկչությունը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ԱՊՀ որոշ երկրներ, այս կամ այն ազգը համարելով իրենց թշնամին, պետական մակարդակով ատելություն են սերմանում նոր սերնդի մեջ:
ԱԺ փոխնախագահը արձանագրել է, որ ահաբեկչության առաջացմանը նպաստում են նաեւ սպառազինությունների մրցավազքը եւ հակամարտությունների կարգավորմանն ուղղված ռազմատենչ կոչերը:
Ելույթի ավարտին անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի մասնակիցներին կոչ է արել ձեռնոց նետել ահաբեկչությանը եւ ռասիզմի դրսեւորումներին, ինչպես նաեւ համատեղ պայքարել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման դեմ, քանի որ երբ շաչում է զենքը, լռում են օրենքները: