
ԱԻՆ նախկին պաշտոնյան պաշտոնեական կեղծիք է կատարել

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, իր անմիջական ենթակա, հրշեջ հրահանգիչ Է. Ա.-ի խնդրանքը չմերժելու և այդ կերպ նրա հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Վերջինիս թույլատրել է, որ Է. Ա.-ն 2012թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ը, այնուհետև` 2013թ. մայիսի 23-ից հուլիսի 31-ը չներկայանա աշխատանքի:
Այնուհետև ՓԾ փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի նախկին պետը պաշտոնական փաստաթուղթ համարվող` աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր Է. Ա.-ն հիշյալ ժամանակահատվածում ներկայացել է ծառայության, և այն իր ստորագրությամբ հաստատելով` հանձնել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ֆինանսատնտեսագիտական վարչություն, որի հիման վրա ստացել է վարձատրություն` պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է: