Արարատ Զուրաբյան. Ընդդիմության մեծ մասը պրոռուսական ուժեր են, դրա համար էլ արձանագրվում են նման իրողություններ
Վերակազմավորվող ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը այսօրվա ասուլիսում պատասխանելով հարցին, թե Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնի հատարարությունից հետո ինչո՞ւ ընդդիմությունը որևէ կերպ չարձագանքեց, ասաց. «Ընդդիմադիր դաշտ, ցավոք սրտի, չտեսանք: Տվյալ պարագայում սա է նաև պատճառը, որ մենք փորձում ենք վերականգնել ՀՀՇ քաղաքական ուժը: Հոկտեմբերի 26-ին անցկացնելու ենք ՀՀՇ հիմնադիր համագումարը և կփորձենք այս բացը լրացնել: Իհարկե, սա բավական բարդ պրոցես է: Այն, որ ընդդիմությունը չարձագանքեց՝ լուրջ հարված է, համաձայն եմ, և հետևանք է ընդդիմության գործունեության, որը փաստորեն վերջին տարիներին իր ջանքերը կենտրոնացրել է ոչ այն ուղղությամբ: Ընդդիմության մեծ մասը պրոռուսական ուժեր են, դրա համար էլ արձանագրվում են նման իրողություններ»:
Նա նշեց, որ այս ընթացքում իրենք քաղաքական որոշ ուժերի հետ կոնսուլտացինաներ են իրականացնում, և հույս հայտնեց, որ «ինչ-որ բան կլինի»: Նրա դիտարկմամբ՝ ընդդիմադիր դաշտը չի կարող այսպիսին մնալ: Հակառակ դեպքում՝ Հայաստանը կգնա կործարման:
Անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտնի աղմկահարույց քվեարկությանը, նա նշեց, որ անգամ այդ փոքր քվեարկությունից «որքան հարցերի պատասխան ստացանք»:
«Երբ երկրում սկսում է լուրջ ընդդիմություն գոյություն չունենալ, ապա երկիրը ծանր վիճակում է հայտնվում: Գ. Կոստանյանի քվեարկությունից ավելի ծանր դեպք պատկերացնել հնարավոր չէ: Ես շատ նորմալ կգնահատեի, եթե որոշում կայացվեր, ասեին՝ կողմ են թեկնածուին, կողմ ենք քվեարկում, բայց երբ հայտարարում են, որ դեմ են, յուրաքանչյուրը մտածում է, որ ինչ-որ «դեմ»-եր կլինեն և չի երևա՝ ինքը ոնց է քվեարկել. դա մի քիչ անլուրջ է: Մարդիկ քաղաքականոթյան մեջ պետք է բաց լինեն»,- ընդգծեց նա:
Նա նաև նշեց, որ նրանք, ովքեր ցանկանում են, որպեսզի ՀՀՇ-ն վերաբացվի, իրենց հետ են, իրենց կողքին. «Բավական շատ մարդ կա, որ միացել է այս նախաձեռնությանը: Հույս ունեմ, որ մեր դեպքում կգան լավ օրեր, իսկ հասարակության վերաբերմունքը քաղաքական ուժի նկատմամբ՝ կախված է մեր գործունեությունից»:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ ՀԱԿ դաշինքից առանձնացած կուսակցությունները առանձին ոչնչի չհասան, նա պատասխանեց, թե համախմբում լինում է քայլի, գաղափարի, երևույթի պարագայում, իսկ արհեստական համախմբումներ հնարավոր չեն: Դրանք, ըստ նրա, միայն իշխանության մեջ կարող են լինել՝ կոալիցիայի տեսքով:
Ինչ վերաբերում է ՀՀՇ անվանը, ապա Ա. Զուրաբյանը հավաստիացրեց, որ դրա հետ կապված որևէ իրավական խնդիր չկա: «ՀԱԿ կուսակցության ձևավորման ժամանակահատվածին նախորդող ընթացքում ՀՀՇ-ն վերանվանվեց ՀԱԿ: Եթե կուսակցությունը փակվեր, կառաջանար խնդիր, պետք էր ժամանակ՝ նույն անունը օգտագործելու համար: Բայց վերանվանվեց: Մենք ճշել ենք Արդարադատության նախարարության հետ՝ որևէ խնդիր կամ խոչընդոտ այստեղ չկա»,- հայտարարեց Արարատ Զուրաբյանը: