
Տիգրան Առաքելյանն այսօր ազատ չարձակվեց

Նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում էր հայտարարել, որը տարածվում է նաև Տիգրան Առաքելյանի վրա, և շատերը սպասում էին, որ հենց դատական նիստի դահլիճից ակտիվիստը ազատ կարձակվի, սակայն ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը այսօր ազատ չարձակվեց: Այս մասին տեղեկացնում է «Առաջին լրատվականը»:
Դատարանն այսօր բավարարեց մեկ միջնորդություն և մերժեց երկուսը:
Բավարարվել է «տուժող» ոստիկան Շահեն Հարությունյանին կրկին դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդությունը, սակայն մերժվեց «տուժող» մեկ այլ ոստիկան՝ Տիգրան Ավետիսյանին, ինչպես նաև Հրանտ Միրիջանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդությունը:
Դատական նիստի ընթացքում խոսք անգամ չեղավ համաներման մասին:
Նշենք, որ միջնորդությունները մերժելուց հետո դատարանը չցանկացավ նույնիսկ լսել տղաների շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանին, ով, ըստ երևույթին, պատրաստվում էր հանդես գալ իր պաշտպանյալին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությամբ:
Դատավոր Եվա Դարբինյանն այսօրվա դատական նիստը՝ չնայած ներկաների դժգոհությանը, համարեց ավարտված: Դահլիճում գտնվողները դատավորներին և մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանին ճանապարհեցին «Ամոթ, թուրք եք, մուսուլման եք, Լիցկայի մարդասպան լակոտին դատեք, Զիմզիմովի դատավարությունն եք սարքել» վանկարկումներով: