Ովքե՞ր կդիմավորեն Զարուհի Փոստանջյանին
«Ժառանգություն» կուսակցության անդամները պատրաստվում են այսօր երեկոյան Երևանի Զվարթնոց օդանավակայանում դիմավորել կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ` ի նշան աջակցության: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Ժառանգության» խոսնակն ասաց, թե «հատուկ ներկա-բացակա» չի արվել, թե ովքեր են լինելու օդանավակայանում, բայց նշեց, որ Զարուհի Փոստանջյանին կդիմավորեն բազմաթիվ կուսակցականներ և համակիրներ:
Մեր հարցին, թե արդյոք կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լինելո՞ւ է այդ կազմում, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ, ովքեր դժգոհ են Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցից, արդեն երկու օր շարունակ Զարուհի Փոստանջյանին վիրավորելու հետ մեկտեղ` կոչ են անում վերջինիս ձվերով դիմավորել օդանավակայանում:
Զարուհի Փոստանջյանի դեմ ակցիան չեն ողջունել Բաղրամյան 26-ից. ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները»:
Ի դեպ, բացի ժառանգականներից, Զարուհի Փոստանջյանին աջակցելու նպատակով օդանավակայան է գնալու նաև «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ով երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Ես վաղը երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու եմ Զարուհի Փոստանջյանին: Քաղաքական շատ հարցերում համաձայն չլինելով նրա հետ, ես գտնում եմ, որ որպես ընդդիմադիր, որպես նախկին քաղբանտարկյալ, որպես տղամարդ պետք է լինեմ այնտեղ: Ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր դաշտին` երբ մենք բանտերում էինք Զարուհին, «Ժառանգության» իր պատգամավոր ընկերների հետ գիշեր ու ցերեկ վազվզում էին բանտերով մեր համար»: