Բաժիններ՝

Միջազգային գիտաժողով` ԼՂՀ Ազգային ժողովում

Ինչպես տեղեկացնում է ARMSCOOP գիտակրթական ցանցը, հոկտեմբերի 4-ին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում  կմեկնարկի «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը հրավիրվել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի  տոնակատարության ծրագրի շրջանակներում։

Գիտաժողովը,  որի աշխատանքները կտևեն երկու օր,  անց է կացվում տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հովանու ներքո։ Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալիս  Արցախի պետական համալսարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (Բելգիա), Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) և քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։

Հրավիրված են և զեկուցումներով  հանդես կգան անվանի գիտնականներ ինչպես Արցախից, նույնպես և Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից Բելգիայից, Հունաստանից, Կիպրոսից, Լիբանանից, աշխարհի այլ երկրներից։ Քննարկումները նախատեսված են երեք բաժանմունքներում՝  «Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքները: Գյուլիստանի պայմանագրի նշանակությունը»,    «Ազգային- ազատագրական պայքարի նորագույն փուլ՝ Ղարաբաղյան շարժում (տեսական ու գործնական hիմնահարցեր)» և «Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության համատեքստում»։

Միջոցառման ավարտին նախատեսվում է նաև «կլոր սեղան»՝  «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով։

Ընդհանուր առմամբ, համաձայն գիտաժողովի ծրագրի, կհնչի  33 զեկուցում։ Զեկուցումները կհնչեն հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով՝ համաժամանակյա թարգմանությամբ։  Բացի հիմնական զեկուցողներից՝ քննարկումներին կմասնակցեն նաև միջոցառմանը տարբեր երկրներից հատուկ հրավիրված պատվավոր հյուրերը, ԼՂՀ պետական, քաղաքական, հանրային ու գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ։

Գիտաժողովի աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նրա մասնակիցների այցելություն Արցախի տեսարժան վայրեր։

Գիտաժողովի ընթացքին կարելի է հետևել  ԼՂՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջերում` Facebook  սոցիալական ցանցում և Twitter միկրոբլոգերի ծառայությունում #Karabakhmovement25  հեշթեգով։

 

 

Համաձայն ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս