Համաներումը կտարածվի 1000-ից ավելի անձանց վրա, որոնցից 500-600-ը պատժից կազատվեն
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի ընդունած որոշման համաձայն՝ կարգապահական գումարտակների հրամանատարները, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների և քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների ղեկավարները համաներման ակտը պետք է կիրառեն հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 2013 թ.-ի դեկտեմբերի 25-ը ներառյալ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Եթե այս մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վերջիններս պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն:
Ինչպես Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի 1000-ից ավելի անձանց վրա, որոնցից 500-600-ը պատժից կազատվեն, իսկ մնացածի նկատմամբ համաներմամբ կկճատվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը:
Ըստ նախարարի` քրեակատարողական հիմնարկի ղեկավարները մեկ առ մեկ կնայեն բանտարկյալների գործերը, կքննարկեն և համապատասխան որոշումներ կկայացնեն: Առաջին հերթին անդրադարձ կկատարվի այն անձանց, ովքեր ենթակա են ազատ արձակման, որից հետո` այն մարդկանց, որոնց պատժաչափը պետք է կրճատվի: