
Կկանգնեն դատարանի առաջ՝ 13-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով

24 -ամյա երկու երիտասարդների կողմից 13-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու աղմկահարույց գործն արդեն դատարանում է՝ այն ընդունվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Ստեփանյանի վարույթ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի, Սևան քաղաքի բնակիչ Սասուն Աբրահամյանը Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում՝ակնհայտ տասնվեց տարին չլրացած, 13-ամյա աղջկա համաձայնությամբ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել: Բացի այդ, Սասուն Աբրահամյանը և նրա ընկեր՝ Գեղարքունիքի մարզ Վարսեր գյուղ բնակիչ Վահագն Համբարձումյանը սեռական հարաբերություն են ունեցել նույն աղջկա հետ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գործող «Տաք ջուր» կոչվող համալիրում ՝ աղջկա համաձայնությամբ:
Սասուն Աբրահամյանին ու Վահագն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: