Ռուսաստանը ևս մեկ փորձ կձեռնարկի՝ Մաքսային միությանն Ուկրաինայի միանալու համար
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ու Ռուսաստանն անցկացնելու են մի շարք խորհրդակցություններ, այդ թվում նաև արտգործնախարարների մակարդակով: Դրանցում քննարկվելու է Մաքսային միությանն Ուկրաինայի միանալու հարցը՝ նախքան նրա կողմից նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը. «Ինչ վերաբերում է երկկողմ շփումներին, ապա մենք ունենք բավական ընդարձակ օրակարգ: Հոկտեմբերի կեսին Կալուգայում տեղի է ունենալու վարչապետների մակարդակով ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովների հանդիպումը:
Դա կլինի տնտեսական բնույթի հանդիպում: Հոկտեմբերի վերջին Դոնի Ռոստովում պլանավորված է միջազգային հարցերով ենթահանձնաժողովների հանդիպում, և յուրաքանչյուր կողմից պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարարը: Հոկտեմբերի վերջին Դնեպրոպետրովսկում պլանավորված է միջխորհրդարանական երկկող հանդիպում:
Մոսկվան հուսով է, որ ռուսական կողմի փաստարկները ճիշտ կընկալվեն Կիևի կողմից: Վիլնյուսի գագաթաժողովը, որում Ուկրաինան մտադիր է ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր, իր հետքն է թողնում երկկողմանի հարաբերությունների մթնոլորտի վրա»: