Ես բարի մարդկանց կարիքն ունեմ. Աշոտ Գրիգորյանը խնդրում է օգնել
Ոտքերի ծանր հիվանդությամբ տառապող Աշոտ Գրիգորյանը բարի մարդկանց խնդրում է օգնել իրեն: blognews.am –ում հրապարակվել է նրա խնդրանքը.
«Երկար ժամանակ է դիմում եմ բժիշկներին` ոտքերս հեռացնելու խնդրանքով, բայց մերժվում եմ: Բոլորը կարծես խոսքները մեկ արած լինեն, խորհուրդ են տալիս սպասել տեսնելու, թե ինչ կլինի: Ասում եմ` «շատ եմ խնդրում հեռացրեք, որ հանգստանամ մի քիչ», պատասխանում են` «հետևանքը ահավոր է լինելու, անդառնալի, ու չի բացառվում որ դա քո կյանքի վերջին որոշումը կլինի»: Այս տարվա մայիսից ընկերոջս՝ Կարենի հետ համաձայնության եկա, որ գումարի դիմաց որոշակի օրերին օգտվեմ իր համակարգչից, ու նպատակը մեկն էր` գտնել բժիշկ արտասահմանում:
Գտնվեց. Գերմանիայի Բենջամին Ֆրանկլինի անվան համալսարանական հիվանդանոցի բժիշկներից մեկի հետ ծանոթանալով, հեռակա կարգով սկսվեցին կոնսուլտացիաները: Ուղարկեցի ոտքերիս նկարներն ու սպասեցի պատասխանի: Դեղեր նշանակեց, որը սկսեցի ձեռք բերել արտասահմանից ու Ռուսաստանից: Կարծես օգնեց այդ դեղերը, բայց եկավ կրկին աշունն ու իր հետ բերեց նոր անակնկալներ, խոցերի սեւացում ու մաշկի քայքայում: Հաշված օրերի ընթացքում քարշ տվող ոտքիս խոցերը մեծացան, ցավային նոպաներն ու ողնաշարի ծակոցներն էլ ավելի սրվեցին, հուսահատության հասցնելով ինձ: Վերջին անգամ Տեր Կյուրեղի հետ խոսելուց ասաց. «Աստված չի ուզում, որ ինքնասպան լինես, իսկ այդ քայլը բերում է դրան, բժիշկները քեզ արդեն զգուշացրել են, որ սեղանին կմնաս ու եթե ստիպես նրանց անել դա, ուրեմն ոչ միայն դու, այլև ուրիշներին ես մասնակից անում այդ ոճրագործությանը»: Կրկին կապվեցի գերմանացի բժշկի՝ Հերալդի հետ, ասաց, որ տրոֆիկ խոցերը բուժելի են, դեղի անվանումն էլ տվեց ու կայքերը որպեսզի համոզվեմ: Իր ասած կայքերը նայելուց հետո կրկին հույս ծնվեց: Զանգահարեցի դեղ բերողին՝ Վարդանին , ասաց. «Եթե բերեմ` դու ինձ դեղի փողից բացի քառասուն հազար ավել գումար պիտի տաս, նախկին տասը հազարի փոխարեն: Այժմ, խնդրում եմ, եթե կան մարդիկ, որ նախկին տաս հազար ավել գումար վճարելու դեպքում կբերեն դեղը, կապվեն ինձ հետ, հեռ. 077-89-10-50: Դեղի անունն է PRONTOSAN, կայքերի հասցեները` այստեղ»: