Ինչու են աշխատավարձերի բարձրացման տարբեր ժամկետներ նշվում
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քիչ առաջ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` դիմելով կառավարությանը, նշեց, թե նկատել է, որ ՀՀ նախագահը աշխատավարձերի բարձրացման մասին այլ ժամկետներ էր հայտարարել, որոնք, սակայն, կառավարությունը փոխել է. «Կառավարությունը մեկ ամիս անց քննարկեց բյուջեն և առաջարկեց այլ չափեր, այլ ժամկետ՝ 2014 թվականի հունիսի 1: Ի՞նչ է կատարվել այս ընթացքում: Ինչո՞ւ պետք է նախագահը ստիպված լինի հայտարարել մեկ բան, մեկ ամիս հետո իրավիճակը փոխվի, կառավաությունը հայտարարի` այլ բան»:
Ի պատասխան Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, թե աշխատավարձերի կարգավորման բարեփոխումը վաղուց է կառավարության ուշադրության կենտրոնում: «Փաթեթը, որը ներկայացվում է բյուջեի հետ միասին, համակարգում է ոչ միայն աշխատավարձերի բարձրացումը, այլև՝ կանոնակարգումը: Փաթեթն արդեն իսկ ուղարկվել է ԱԺ: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ փաթեթում կա աշխատավարձերի բարձրացում` փուլայնությամբ. հունվարի 1-ից բարձարանում են ուժային կառույցների աշխատավարձերը, իսկ հիմնական աշխատավարձերը կարձրանան 2014թ. հունիսի 1-ից, ինչն էլ համահունչ է նախագահի նշված թվերին, քանի որ ընդհանուր բարձրացում է տեղի ունենում 2014 թվականին»:
Աղվան Վարդանյանը, սակայն, ևս մեկ անգամ հարցրեց՝ ինչո՞ւ նախագահը հայտարարեց մեկ բան, բայց կառավարությունը այլ բան է հայտարարում: Վաչե Գաբրիելյանն էլ պատասխանեց, թե այդ առումով պետք չէ էական շեղումներ փնտրել: