Նիկոլ Փաշինյան. Փառք աստծո, այսօր նաև իրենց ընդդիմություն հայտարարած ուժերի կարիքն էլ չունեմ

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես արձանագրում եմ իմ հավատարմությունը համաժողովրդական շարժման իդեաներին ու նպատակներին: Ինչպես ծառայել եմ, այնպես էլ շարունակելու եմ ծառայել այդ նպատակներին»,- մի քանի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ԱԺ-ում երեկ գրանցված միջադեպը, երբ գլխավոր դատախազի թեկնածությանը դեմ քվեարկել էր երեք պատգամավոր, այդ թվում՝ ինքը, արդյոք չի վկայո՞ւմ իր և ՀԱԿ-ի միջև առկա տարակարծությունների մասին:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իր քայլը` լուսանկարելով իր քվեաթերթիկը և տեղադրելով այն համացանցում, սխալ էր, Ն. Փաշինյանը նշեց. «Տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել. ուղղակի խնդրում եմ արձանագրեք փաստը, դրանից ավել ավելացնելու որևէ բան չունեմ»:

Հարցին, թե փակ քվեարկության դեպքում քվեարթերթիկը լուսանկարելը խախտում չէ՞, նա պատասխանեց. «Ես խոսում եմ այն մասին, որ ՀՀ քաղաքական գործիչները պետք է հաշվետու լինեն ՀՀ հանրության առջև ու այն պահին, երբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որ անհրաժեշտ հաշվետվությունը համոզիչ կերպով տրվի հանրությանը, ես բոլոր նման դեպքերում ձեռնարկում են նման միջոցներ»:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ որոշ իշխանական պատգամավորներ իրենց ելույթներում պաշտպանում են ընդդիմությանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.  «Այն ընդդիմությունը, որն ունի իշխանության պաշտպանության կարիքը, թող օգտվի այդ պաշտպանությունից: Ես` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, իշխանության պաշտպանության կարիքը չունեմ և, փառք աստծո, նաև այսօր իրենց ընդդիմություն հայտարարած ուժերի կարիքն էլ չունեմ: Ես ունեմ կարիքը` հանրության առջև հաշվետու լինել իմ յուրաքանչյուր գործողության համար. մինչև այժմ պահպանել եմ իմ սկզբունքը և, համոզված եղեք՝ սրանից հետո էլ կպահպանեմ»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս