
Իրանի խորհրդարանն աջակցություն է հայտնել Հասան Ռոուհանիի արտաքին քաղաքական նոր կուրսին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանն աջակցություն է հայտնել նախագահ Հասան Ռոուհանիի արտաքին քաղաքական նոր կուրսին, որն ուղղված է արտաքին աշխարհի հետ մերձեցմանը:
Նախագահին աջակցելու հայտարարության տակ իրենց ստորագրությունն են դրել 290 պատգամավորից 230-ը: Նախագահին աջակցություն հայտնած պատգամավորները Ռոուհանիի հետ հանդիպել են երեկ երեկոյան:
Հանդիպման ժամանակ Ռոուհանին պարզաբանել է, թե ինչ պատճառներից ելնելով է համաձայնվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցին, ինչն իրանական կողմն արդեն իսկ որակել է որպես «պատմական»:
Ռոուհանին մանրակրկիտ նկարագրել է Իրանի արտաքին քաղաքական ոլորտում իր վարչակարգի փոփոխությունների էությունը, որոնք մասնավորապես առնչվում են միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ բանակցություններին:
Նշվում է, որ իրանցի պատգամավորների մեծ մասն ունի պահպանողական հայացքներ, որոնք կիսում է նաև հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին: Սակայն տեղի դիտորդները կարծում են, որ Խամենեին աջակցում է արտաքին քաղաքականության հարցում նոր նախագահի ու նրա թիմի փաստացի բարեփոխիչ մոտեցմանը:
Խամենեին անձամբ դեռ հրապարակավ չի արտահայտվել Ռոուհանիի՝ Նյու Յորք կատարած այցի, Օբամայի հետ հեռախոսազրույց ունենալու և նրա վարչակարգի մյուս քայլերի մասին: