
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:
Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնին է փոխանցվել 3 համակարգիչ, իսկ քաղաքապետարանի համակարգչային ցանցի բարելավման նպատակով որպես նվեր տրամադրվել է համակարգչային սերվեր՝ համապատասխան սարքավորումներով:
Հրաչյա Մուրադյանն ու Սուրեն Թամրազյանն այցելել են Ստեփանակերտի «Սանմաքրում» ՀՈԱԿ, ծանոթացել կազմակերպության աշխատանքի կազմակերպման սկզբունքներին: Քաղաքապետարանի կողմից կառույցին որպես նվեր համակարգիչ է տրամադրվել:
Երևանի պատվիրակությանն ընդունել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հրաչյա Մուրադյանը, Երևանի քաղաքապետի անունից ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ Երևանի քաղաքապետարանի փորձը Ստեփանակերտի քաղաքապետարանին փոխանցելու նպատակով տարվող երկկողմ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Ոլորտների պատասխանատուները Ստեփանակերտի քաղաքապետին նաև զեկուցել են գործակցության ծրագրի շրջանակում աշխատանքների ընթացքի, գրանցված արդյունքների և հետագա անելիքների վերաբերյալ:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն