Գյումրիի ռազմաբազայի բնակիչների հարցերը ՊՆ-ը չի լուծի
Գյումրեցի մի քանի 10-յակ ընտանիքներ կարող են մնալ անօթևանի կարգավիճակում: Արդեն մի քանի օր է, ինչ Գյումրիի ռուսական ռազմաբազայի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող հայ ընտանիքներին ռուսական հրամանատարությունն իրենց բնակարաններն ազատելու պահանջ է ներկայացրել: Բնակիչների ստացած զգուշացման թերթիկներում նշված վերջնաժամկետն ավարտվում է հոկտեմբերի 10-ին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Բնակիչներն իրենց խնդրի վերաբերյալ ահազանգել են ՀՀ Վարչապետին և Պաշտպանության նախարարին, սակայն որևէ հուսադրող արձագանք առայժմ չեն ստացել, թեև ՊՆ-ում խոստացել էին հարցը քննարկել և լուծման ուղիներ առաջարկել:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է պարզվել այդ ընտանիքների հետագա կարգավիճակի մասին: Նրա խոսքով, ուսումնասիրությունների արդյունքում իրենց հաջողվել է պարզել, որ հիշյալ բնակարանները ժամանակին հայ ընտանիքներին են հանձնվել Գյումրիի քաղաքային իշխանությունների կողմից՝ ռուսական կողմի հետ միջպետական համապատասխան որոշման հիման վրա:
«Միասնական որոշում չի կարող լինել, որովհետև իրենք շատ խայտաբղետ պայմաններով են զբաղեցրել այդ բնակարանները: Մարդ կա՝ ունի սեփականության իրավունք, մարդ կա՝ չունի, մարդ կա ծառայողական պայմանագիր ունի, մարդ կա ՌԴ քաղաքացի է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Արդյունքում, ուսումնասիրելով ստեղծված վիճակը, ՊՆ-ում հանգել են եզրակացության, որ «միասնական մոտեցում լինել չի կարող» և յուրաքանչյուրի դեպքում պետք է կիրառվի առանձին մոտեցում:
«Եթե լուծվի, անհատական մոտեցմամբ կարող է լուծվել»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը, հավելելով, որ խնդրի լուծման իրավասուն այս պարագայում բացառապես Գյումրիի քաղաքային իշխանությունն է:
Նշենք, որ որոշ տեղեկություններով Գյումրիյում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում զինծառայողների թվակազմի համալրում է նախատեսվում, և բնակարաններն ազատվում են այդ նպատակով: Այս տեղեկությունները, սակայն, առայժմ պաշտոնապես ոչ հաստատվել են, ոչ էլ ժխտվել: