Համաներում հայտարարելու մասին Նախագահի առաջարկությունը ԱԺ նիստում կքննարկվի արտահերթ
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը:
ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված՝ համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգի համաձայն, Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողով, Կառավարություն և ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած անձինք:
Նախագահի առաջարկությունն ԱԺ նիստում քննարկվում է արտահերթ: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:
Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է հանել կամ փոփոխության ենթարկել համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունները և առաջարկել՝
– ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը.
– որոշման նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: