Սամվել Հայրապետյանն ասում է, որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել, մյուս կողմը հերքում է այդ լուրերը
Պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը aravot.am –ին ասել է, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել բնակիչներից, որ քաղաքի տարբեր թաղամասերում մյուս թեկնածուի ներկայացուցիչները բնակիչներին ընտրատեղամասերի մոտակայքում ընտրակաշառք են բաժանում եւ ուղղորդում ընտրատեղամասեր: «Ահազանգեր ենք ստացել, նույնիսկ բնակիչներն են եկել մեր շտաբ ու ասել, որ կաշառք են բաժանում փուռի թաղամասում, գիշերօթիկի մոտ, տրանսպորտի մոտ: Ընտրատեղամասից մի 100 մ հեռու կանգնում են, ակուրատնի բարեւում, ձեռները տանում գրպանները 5000-ական դրամ փող տալիս մարդկանց` հետո մտցնում ընտրատեղամաս: Գնացել եմ ոստիկանություն, ասում են փաստեր ունե ՞ս, որ գործ հարուցենք: Ոստիկանապետի հետ եմ հանդիպել, ասեց, եթե փաստեր ունես բեր: Էնօրն էլ ահագին ոչխարներ են մորթել, քեֆեր են արել, քաղաքի տարբեր տեղերում», – ասաց «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված, պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը:
ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Նորայր Հարությունյանը aravot.am-ի հետ զրույցում հերքել է ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները` նշելով, որ դրանք ընդամենը ասեկոսեներ են եւ իրականության հետ ընդհանրապես կապ չունեն: «Ես ինքս այսօր շրջել եմ ընտրատեղամասերով, ընտրակաշառք բաժանելու դեպքեր չեմ տեսել անձամբ: Եթե իրենք տեսել են, ունեն փաստեր`թող դիմեն ոստիկանություն, որ պատժեն այդ մարդկանց», -պարզաբանել է պարոն Հարությունյանը: Նա նաեւ հերյուրանք է համարել ոչխար մորթելու եւ ընտրակաշառքի փոխարեն ոչխարի միս բաժանելու մասին հնչեցված հայտարարությունը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: