
«Կոստանյանը Սասունցի Դավիթն ա՞, ո՞վ ա, որ թուրը առնի՝ ընկնի աջ ու ձախ կոտորի»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը երեկ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ տեղի ունեցած հանդիպումից դրական տպավորություններ ունի: 168.am-ի հետ զրույցում Լյովա Խաչատրյանն ասաց, որ Գ. Կոստանյանը նորմալ տպավորություն է թողել, պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին, որոնք բավարարել են իրենց: Ավելին` Լ. Խաչատրյանը նշեց, թե հետևելով Գ. Կոստանյանի աշխատանքային կենսագրությանը՝ եկել է այն եզրահանգման, որ նա «անկաշառ գործչի իմիջ ունի»:
«Հանդիպման ժամանակ ես նրան հարցրեցի` քանի որ ուժային կառույցի անկաշառ աշխատողի իմիջ ունի, կպահպանի՞ այդ իմիջը վեց տարի անց: Կոստանյանն իրոք այս տարիների ընթացքում նման կարծիք է թողել մարդկանց մոտ, որ անկաշառ է: Ես անձամբ իր հետ չեմ աշխատել, բայց իր մասին նման որակումներ են տալիս: Փոքր հանրապետություն է` ամեն ինֆորմացիա տեղ ա հասնում. գիտեն՝ ով ա կաշառք վերցնում, ով՝ չէ: Իր մասին կարծես թե նման պատմություններ չկան: Դրա համար ես հարցրեցի` արդյո՞ք չի գայթակղվի, նույն կարծիքը կունենա՞նք իր մասին մի քանի տարի հետո: Նա էլ պատասխանեց, թե ինքն անկաշառ է ապրում, որովհետև ունի երեխաներ, որոնց ապագայի համար մտահոգվում է»,- փոխանցեց Լյովա Խաչատրյանը:
Մեր հարցին, թե համամիտ չէ՞ այն կարծիքներին, որ անձի դերը երկրորդական է, որովհետև նա, միևնույն է, աշխատելու է իշխանության համակարգում և այդ համակարգին դեմ գնալ չի կարող, Լ. Խաչատրյանը պատասխանեց. «Կապրենք՝ կտեսնենք: Բայց համակարգին դեմ գնալ պետք չի: Ոչ մի երկրում ոչնչացված չէ ո՛չ կոռուպցիան, ո՛չ կաշառակերությունը… բոլոր երկրներում էլ սա կա: Պարզապես կա որոշակի չափ, կա պատժելիություն: Սա պետք է հաստատել: Իսկ որ 100 տոկոսով վերացվի… ինչ ա, Կոստանյանը Սասունցի Դավիթն ա՞, ո՞վ ա, որ թուրը առնի՝ ընկնի աջ ու ձախ կոտորի»: Այնուամենայնիվ, ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` այդ մասին խմբակցության ներկայացուցիչները Գ. Կոստանյանին հարց ուղղել են. «Նա պատասխանեց, թե այն ժամանակ, երբ իրան Զինվորական դատախազ են նշանակել, ինքը հավաքել է բոլորին ու զգուշացրել` «եթե լսեմ, որ կաշառք եք վերցնում՝ կհեռացնեմ, եթե հաստատվի, որ վերցրել եք` դատի կտամ»: Կոստանյանն ասաց նաև, որ մեծ թվով իր աշխատողների հետ նման կերպ է հենց վարվել: Չգիտեմ` կտեսնենք»:
Մեր հարցին, թե՝ Գ. Կոստանյանն իրենց հետ հանդիպման ժամանակ չի՞ ասել` Դատախազությունում ևս պաշտոնանկություններ կիրականացնի՞, թե՞ ոչ, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ասաց, որ, եթե մարդիկ չբավարարեն իր պայմաններին, փորձեն մտնել այլ ուղի` ինքը պատրաստ է ազատելու, հեռացնելու, դատելու: Իսկ թե իրականությունն ինչպիսին կլինի` ժամանակը ցույց կտա, թե չէ բառերով ամեն ինչ նորմալ է»: