Ստիպողաբար թատրոնի տոմս են վաճառում
Աբովյան քաղաքի դպրոցներում պարբերաբար վաճառվում են տարբեր ներկայացումների տոմսեր: 168.am-ի հետ զրույցում ծնողները գանգատվում էին, որ տոմսերի վաճառք հաճախակի է լինում, և ստիպում են ծնողներին, որ անպայման գնեն: «Տոմսն արժե 1000 դրամ, երեխաս 2-րդ դասարան է, ու բնական է, որ մենակ չեմ թողնելու գնա: Այս ամենին գումարեք նաև ճանապարհածախսը, ստացվում է մոտ 3000 դրամ: Ինչպե՞ս ես կարող եմ ամեն անգամ 3000 դրամ վճարել, երբ համարյա ամեն օր, տարբեր առիթների համար գումար են հավաքում դպրոցում: Ուսուցչուհին ասում է՝ եթե չեք ուզում՝ մի եկեք, բայց պետք է վճարեք տոմսի համար: Եթե հնարավորություն չունեմ՝ ինչպե՞ս վճարեմ»,- ասում է Անի Սարգսյանը:
168.am-ը պարզեց, որ բավականին երկար ժամանակ ակտիվ տոմսավաճառությամբ են զբաղվել նաև Աբովյանի մանկապարտեզները: Անգամ ներկայացման տոմս չգնած ծնողներին պատվիրել են այդ օրը երեխային մանկապարտեզ չտանել:
Օրեր առաջ քաղաքապետարանի ներկայացուցիչը հաստատեց, որ այսուհետ մանկապարտեզներում նման երևույթներ չեն լինելու: Իսկ ինչ վերաբերում է դպրոցներին, ապա այստեղ կտրուկ քայլերի չեն դիմում:
«Ես դեմ չեմ, երբ երեխաներին տանում են ներկայացում նայելու, մանավանդ, երբ դասական հեղինակների գործեր են լինում, բայց ոչ բոլոր ծնողների գրպանին է դա հասու: Ի՞նչ կարիք կա ստիպել, երեխան ակամա այդ խոսակցությունները լսում է, և իր վրա հոգեբանորեն ազդում է դա: Եվ հետո, մի՞թե չի կարելի թատրոնների հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որ երեխաների համար զեղչեր գործեն»,- ասում է դպրոցահասակ երեխայի մայր Նարինե Բադալյանը: