Բաժիններ՝

««United we fall» ձայնասկավառակը ոգեշնչված է աշխարհի վիճակից»

Հոկտեմբերի 21-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու «The Beautified Project» ռոք խմբի թվով երրորդ՝ «United we fall» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կուղեկցվի համերգային ծրագրով:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանը:

Ձայնասկավառակում ներառված է ինը երգ` «Falling», «Red Rivers», «Save Me», «Grey», «Dark Cube», «Black Wooden Nest», «Broken Smile», «My Own Bitter Requiem» և «Կիլիկիա»-ն` որպես բոնուսային երգ: Խմբի երկրպագուներին հայտնի են միայն «Կիլիկիա» և «Broken Smile» երգերը, մնացածը շնորհանդեսի ժամանակ հանդիսատեսն առաջին անգամ կվայելի:

­«United we fall» ձայնասկավառի ձայնագրությունը սկսվել է 14 ամիս առաջ:

Կարդացեք նաև

«Սա մեր ամենաերկար ձայնագրված ալբոմն է: Առաջինը տևել էր երեք ամիս, երկրորդը` 7, երրորդը` 14 ամիս: Եթե երկրորդ ձայնասկավառակն առաջինի շարունակությունն էր, ապա երրորդն ամբողջովին նոր շունչ է: «United we fall»-ը ոգեշնչված է աշխարհի վիճակից` բոլոր երկրները տառապում են ֆինանսական վիճակից, և աղքատների ու հարուստների միջև եղած ճեղքը գնալով մեծանում է, ժողովուրդն այսօր հասարակ բաներից ավելի դժվար է ուրախանում, բոլորը փողի հետևից են ընկած»:

– Անդրե, ինչո՞ւ այդքան երկար տևեց ձայնասկավառակի ձայնագրումը, ի՞նչ պատճառներ կային:

– Պատճառները բազմաթիվ են: Թեև վերջին երեք տարիների ընթացքում ձայնասկավառակ չենք թողարկել, փոխարենը՝ շատ երկրներում ենք շրջագայել (Լոնդոն, Վիեննա, ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան և այլն): Այդ ընթացքում ամերիկյան մի հիմնարկի հետ պայմանագիր կնքեցինք, որն ԱՄՆ-ում կթողարկի մեր երրորդ ձայնասկավառակը: Ներկայումս 25 առցանց խանութների հետ պայմանագրեր ունենք, և շուրջ 60 երկրներում էլ պաշտպանված են մեր իրավունքները:

Ձգձգման մյուս պատճառը պայմանավորված էր ոճային փոփոխությամբ: Մենք միշտ եղել ենք grey area կոչվածում, այսինքն՝ մոխրագույն տարածքում, և ոչ սև ենք եղել, ոչ սպիտակ, ոչ փոփ, ոչ էլ ռոք: Մեզ սիրում են և՛ փոփ լսողները, և՛ ռոք: Այդ պատճառով էլ` այս անգամ ցանկանում էինք, որ ձեռագիրը նույնը մնար, բայց ավելի ծանր լիներ:

– Ձայնասկավառակի շապիկը կրկին վստահել եք Արվին Քոչարյանին…

– Այո: Արդեն յոթ տարի է՝ աշխատում ենք Արվինի հետ: Նա միակ մարդն է Հայաստանում, որը «մութ արվեստը» ճիշտ է հասկանում: Իհարկե, կան շատ լուսանկարիչներ, գեղանկարիչներ, ովքեր հասկանում են այդ ոճը, բայց երբ խոսքը գնում է գրաֆիկ դիզայնի մասին, ինձ թվում է՝ Արվինն ամենաճիշտ մարդն է մեզ համար: Նա շատ պրոֆեսիոնալ է…

Շապիկում 21-րդ դարի Եվան է, որը վռնդվում է այս աշխարհից ևս, քանի որ այստեղ նա կրկին ագահ է գտնվում: Արվինը սա շատ լավ է պատկերել: Չեմ պատկերացնում, թե սրանից լավ ինչպես կարող էին պատկերել:

– Ձայնասկավառակում մի հայալեզու երգ է ընդգրկված, առաջիկայում հայերեն երգ կատարելու մտադրություն չկա՞:

– Այնպես չի, որ մենք չենք ցանկանում հայերեն երգ կատարել, ուղղակի մեր խմբում ամեն ինչ ստեղծվում է երեքիս կողմից, իսկ միակ բառ գրողն այս դեպքում ես եմ: Եթե փորձեմ հայերեն երգ գրել, ինձ վատ կզգամ, քանի որ ապրում ենք մի երկրում, որտեղ Մուշեղ Իշխանի, Եղիշե Չարենցի և նման մարդկանց կողքին մարդ իրեն չպետք է թույլ տա հայերեն բառեր գրել, մանավանդ՝ իմ դեպքում, երբ հայերեն բառապաշարս այնքան էլ հարուստ չէ՝ նույնիսկ լավ խոսելու համար: Սա նմանվում է նրան, որ Հայաստանում շատ մարդիկ անգլերեն են գրում, բայց ծիծաղելի բառեր են ստացվում:

Եթե հնարավորություն լինի, մենք շատ կցանկանանք հին երգերը նոր սերնդին հասանելի դարձնել: Ինձ համար շատ հաճելի է, որ 13-14 տարեկան երեխաները «Կիլիկիա» երգն են կատարում: Կարծում եմ` դրա պատճառներից մեկն էլ մենք ենք:

– Որքան որ ներկա եմ եղել Ձեր համերգներին, նկատել եմ, որ «The Beautified Project» խմբի երկրպագուներն առանձնանում են: Նրանց կողմից առանձնակի ուշադրություն եմ նկատել: Կուզենայի՝ մի փոքր խոսեիք «Beautified Family»-ի մասին:

– Մենք առաջին օրվանից փորձում ենք նրանց հետ շատ անկեղծ ու անմիջական լինել: Մենք երբեք մեզ չենք դրել «աստղի» տեղ` չթողնելով շփվել մեզ հետ, նրանք միշտ ազատ են եղել:

andre1

– Տեղյակ եմ, որ մինչ ձայնասկավառակի շնորհանդեսը նաև տեղի է ունենալու տեսահոլովակի պրեմիերա, որում նկարահանվել են «Beautified Family»-ի անդամները: Կմանրամասնե՞ք մի փոքր:

– Հոկտեմբերի 13-ին թողարկվելու է մեր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Save me» երգի հիման վրա: Հիշում եմ` այս ձմռանը մեկ շաբաթ տնից դուրս չէի գալիս, երգեր էի գրում: «Save me» երգը ստեղծվեց հենց այդ ժամանակ: Երգը 21-րդ դարի երիտասարդի մասին է, ով այսօր տխուր, միայնակ և մեկուսացած է:

Տեսահոլովակի ռեժիսորն Արվին Քոչարյանն է: Մի օր ինձ զանգահարեց և ասաց, որ ցանկանում է շատ պարզ տեսահոլովակ նկարահանել, որում կենտրոնացած կլինի դետալների վրա: Ինձ առաջարկը շատ դուր եկավ: Ասացի, որ տեսահոլովակում չեմ ցանկանում շատ երևալ: Որոշեցինք, որ հիմնականում կերևան «Beautified Family»-ի անդամները: Այսպես էլ ստեղծվեց տեսահոլովակը, որը, շուրջ երկու ամիս է, պատրաստ է:

– Իսկ մոտ ապագայում դրսում շրջագայություններ սպասվո՞ւմ են:

– Այո: Ձայնասկավառակի շնորհանդեսից հետո պատրաստվում ենք եվրոպական 4-5 երկիր մեկնել: Արդեն Փարիզից, Բեռլինից, Վիեննայից, Վարշավայից հրավերներ ունենք, կարծում եմ՝ հոկտեմբերի վերջին կգնանք: Մյուս տարվա սկզբին կլինենք Անգլիայում և հույս ունենք, որ 2014 թվականին համերգներ կունենանք նաև ԱՄՆ-ում: Հետաքրքիր է, որ Վիեննայի մետրոյում, հայտնի երգերի հետ միասին, հաճախ միացնում են նաև մեր «Angel» երգը:

Ասեմ, որ Երևանում ևս համերգ կունենանք: «Empyray» և «Jazzle» խմբերի հետ միասին՝ ցանկանում ենք օգնել շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին և հեշտացնել նրանց դեղեր գնելու գործընթացը:

– Նկատել եմ, որ Ձեր խումբը դրսում համերգներ հաճախ է ունենում: Հանդիսատեսի տարբերությունների մասին կպատմե՞ք:

– Ես ամենաշատը սիրում եմ հայ հանդիսատեսին, որովհետև նրանք բոլորից անկեղծ են: Կարևոր է, որ նրանք միշտ արտահայտում են իրենց կարծիքը, կապ չունի՝ լա՞վն է այն, թե՞ ոչ: Դրսի հանդիսատեսի մեջ շատ եմ գնահատում այն, որ նրանք միշտ լավ երաժշտություն են փնտրում:

– Վերջին շրջանում Դուք նաև ակտիվ մասնակցություն եք ունենում բարեգործական համերգներին: Ի՞նչ եք կարծում` այդ մշակույթը մեզանում ձևավորվո՞ւմ է:

– Հայաստանում բարեգործական համերգի երկու ձև կա: Առաջինը՝ երբ երգիչ-երգչուհիները որևէ կազմակերպության կողմից գումար են ստանում և որևէ վայրում անվճար համերգ ունենում: Սա ես ընդհանրապես բարեգործական համերգ չեմ համարում, բայց միևնույն ժամանակ՝ կան համերգներ, որոնք շատ կարևոր խնդիրների դեմ պայքարելու համար են արվում: Օրինակ, վերջերս մենք մեր լուման ներդրեցինք, որպեսզի Գյումրիի Ջ. Բայրոնի անվան երաժշտական դպրոցի երեխաները տաք պայմաններում դասի հաճախեն: Ինձ համար սա է բարեգործական համերգը: Քանի որ սփյուռքում եմ մեծացել, շատ բարեգործական համերգներ եմ տեսել, որոնք վերաբերել են Հայաստանի այս կամ այն խնդրին: Կարծում եմ` այստեղ ևս պետք է ակտիվանան նման համերգները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս