Հրաժեշտ տվեցին Սոս Սարգսյանին (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր տեղի ունեցավ դերասան Սոս Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Ականավոր դերասանի հոգեհանգստյան արարողությանը ներկա էին քաղաքական և մշակութային մի շարք գործիչներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով դերասանի մասին, ասաց. «Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ցանակացած հայ ընտանիք այսօր խորը վիշտ է ապրում, որովհետև իսկապես կյանքից հեռացել է մի մարդ, որը վայելում էր մեր ժողովրդի սերը, անթաքույց սերը, և այսօր էլ մենք տեսնում ենք, որ հազարավոր մարդիկ գալիս են իրենց հարգանքի տուրքը բերելու Սոս Սարգսյանի հիշատակին: Ոչ միայն դերասան էր Սոս Սարգսյանը, որին սիրում էինք մենք նրան հայտնի ֆիլմերից, նա նաև ազգային մարդ էր: Նա պետականություն սիրող, պետականության համար մեծ ճանապարհ անցած մարդ էր: 88 թվականի շարժման ակունքներում կանգնած մարդ էր, միշտ բոլոր դժվարություններում կիսում էր ժողովրդի հետ այդ դժվարությունները և իր կենսագրությամբ է վայելել մեր ժողովրդի սերը ու հարգանքը»: