Իշխանության տարբեր ճյուղերի աշխատողները կստանան համադրելի աշխատավարձեր
Կառավարությունն ստեղծել է աշխատավարձի հաշվարկման սանդղակ և առաջին անգամ Ազգային ժողովին առաջարկում է սահմանել իշխանության տարբեր ճյուղերի աշխատողների համադրելի աշխատավարձեր: Այս խնդրի վերաբերյալ նույնպես պարզաբանում է տվել ՀՀ վարչապետը. «Երկար ժամանակ ենք ծախսել այս համակարգը մշակելու համար: Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ ներգրավված էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ: Հասկանալի է, որ տարբեր գերատեսչություններ ունեն իրենց ուրույն պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինեն իրենց գերատեսչության աշխատավարձի սանդղակը, աճի տեմպը և այլն: Առաջին անգամ մեր պետության պատմության մեջ մենք առաջարկում ենք Ազգային ժողովին միասնական աշխատավարձի սանդղակ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, որի միջոցով մենք փորձում ենք ապահովել իշխանության տարբեր ճյուղերի միջև համադրելի աշխատավարձերի սանդղակ, և մեր երկրում երկարաժամկետ առումով կլինի հստակ պատկերացում աշխատավարձի սանդղակի և զարգացումների վերաբերյալ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, ինչպես ընդունված է աշխարհի զարգացած երկրներում, երբ ապահովում են տարբեր ճյուղերի միջև աշխատավարձերի և սանդղակների համադրելիությունը: Գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ հօգուտ այս կամ այն սանդղակի: Մենք տարիների ընթացքում կատարել ենք բազմաթիվ ուսումնասիրություններ` ներգրավելով պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի բացահայտենք մեզ համար, թե ինչպիսին է հանրության պատկերացումն ըստ պաշտոնների հարաբերակցության: Փաստորեն Ազգային ժողովի դատին ենք ներկայացնելու մի փաստաթուղթ, որը կոմպրոմիսի արդյունք է այդ բազմաթիվ քննարկումների շնորհիվ: Հասկանալի է, որ այս փաստաթղթի շուրջ բուռն դեբատներ կլինեն, թե արդյոք արդար է այդպիսի պաշտոններն իրար հետ համադրելը հենց այդ ցուցանիշներով, թե արդար չէ: Կլինեն փաստարկներ հօգուտ այդ տարբերակի կամ հակառակը, բայց մենք պետք է այդ քաղաքական կոմպրոմիսին Ազգային ժողովում անպայման հասնենք, և դրանից հետո արդեն մեզ համար շատ հեշտ կլինի տարիների ընթացքում պլանավորել աշխատավարձերի քաղաքականությունը: Սա այն փաստաթուղթն է, որը երկար ժամանակ պահանջված էր և՛ հանրության, և՛ Ազգային ժողովի կողմից: Հիշում եք` մենք Ազգային ժողովում խոստացել ենք, որ այդպիսի միասնական սանդղակ ներկայացնելու ենք խորհրդարանի դատին և դրանով իսկ փորձելու ենք վերջնականապես այդ բոլոր հարցադրումների պատասխանը տալ, թե տարբեր ոլորտներում աշխատավարձերի բարձրացման ինչ քաղաքականություն է իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սա առաջին փորձն է այդ հարցի պատասխանը տալու: Դրա համար ես կարծում եմ, որ դեռևս բուռն դեբատներ կլինեն Ազգային ժողովում, բայց մենք պետք է գանք համաձայնության և ընդունենք այս օրենքը»:
«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու համար կառավարությունը հավանություն է տվել մի շարք այլ օրենքների նախագծերի և ծրագրերի, այդ թվում` Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2014 թ. տարեկան ծրագրին, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թ. միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2014 թ. ծրագրին և այլն:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: