Որոշումը ձգձգում են, որպեսզի հնարավորություն տան Սուրիկ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին լքե՞լ Հայաստանը

Ինչպես հայտնի է, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործը քննող քննիչի կայացրած երեք որոշումները: Հիշեցնենք՝ քննիչը որոշում էր կայացրել գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց ազատ արձակելու մասին: Որոշումներից մեկում էլ քննիչը ապացուցված էր համարել, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի արդյունքում սպանված Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ  է գործել: 168.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ դեռևս պատասխան չի ստացել:

Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ պատասխան ուղարկվել է միայն Էմիլ Բուդաղյանին, ով բողոքարկել էր քննիչի կայացրած որոշումներից մեկը, որով դադարեցվում էր քրեական հետապնդումը Ավետիք Բուդաղյանի նկատմամբ նրա մահվան պատճառով: «Նա բողոքարկել էր այդ որոշման դեմ: Ասել էր, որ եթե դուք այդ որոշման մեջ համարում եք, որ Ավետիք Բուդաղյանը հանցագործություն է կատարել, ես՝ որպես այդ մարդու իրավահաջորդ, պահանջում եմ, որի իրավունքն ունեմ, որպեսզի այդ գործը քննվի, ես դեմ եմ, որպեսզի այդ դեպքում իմ տղայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, եթե դուք գտնում եք՝ հանցագործ է, քննե՛ք այդ գործը, ուղարկե՛ք դատարան, ես կապացուցեմ, որ ինքը հանցագործ չէ: Սա մերժել են»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ որոշումը բողոքարկվելու է քննիչի վերադաս դատախազի վերադասին:

Հ. Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք օրենքը սահամանո՞ւմ է ժամկետ, որի ընթացքում պետք է որոշում կայացվի բողոքի մասին: «Ասվում է, որ եթե մեկ ամիս դատախազը չի պատասխանում, հետո ես կարող եմ դիմել դատարան: Ես կարծում եմ՝ այս ձգձգումները զուտ նրա համար են, որպեսզի հնարավորություն տան այդ մարդկանց (նկատի ունի գործով նախկին մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին:- Օ.Հ.) լքել Հայաստանի Հանրապետությունը` դրանից բխող մնացած բոլոր խնդիրներով, որ առաջանալու են: Այսինքն՝ միևնույնն է՝ շուտ, թե ուշ մենք ապացուցելու ենք այն, ինչը հիմա էլ արդեն բոլորի համար ակհայտ է, ուղղակի այդ ժամանակ այդ մարդիկ արդեն  հեռու կլինեն Հայաստանից ու Հայաստանի արդարադատության ազդեցության ոլորտից»,- ասաց Հայկ Ալումյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս