
Կառավարությունը հաստատեց 2014 թ. բյուջեի նախագիծը

Այսօր կառավարության արտահերթ նիստում հաստատվեց 2014 թ. բյուջեի նախագիծը և որոշվեց այն ուղարկել Ազգային ժողով: Հաջորդ տարվա համար ծրագրվել է ՀՆԱ-ի 5.2% աճ, որը կկազմի 4 տրլն 723 մլրդ 700 մլն դրամ, եկամուտները առաջարկվում են 1 տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսերը՝ 1 տրլիոն 237 մլրդ 900 մլն դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 110 մլրդ 500 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 2.3 %-ի չափով:
Բյուջեի հիմնական մասը՝ 45.6 %-ը սոցիալական ոլորտի ծախսերն են, մասնավորապես հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 15%, հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը՝ 40%: Ուժային ոլորտին կհատկացվի ծախսերի 21.1 %-ը, արդյունաբերությանը՝ 11.7%:
ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ զարգացող երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացում է գրանցվում, ինչը անշուշտ կանդրադառնա նաև ՀՀ տնտեսության վրա: Սարգսյանը նշեց, որ այս տարի հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը որոշվել է չբարձրացնել՝ բիզնեսի հարկային բեռը չավելացնելու համար: