ԵԱՀԿ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել լրագրողներին հետապնդելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի` ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել լրագրողներին հետապնդելը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Ադրբեջանում հնգամյա ազատազրկման է դատապարտվել «Թոլիշի սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովը:

Միյատովիչը հայտարարել է, որ 2012 թվականի նոյեմբերին Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեսակցել է Մամեդովի և կալանքի տակ պահվող մյուս լրագրողների հետ և նրանց գործերը քննարկել է Ադրբեջանի իշխանությունների հետ.

«Ինձ համար ցավալի է տեսնել, որ Ադրբեջանում ազատ ԶԼՄ-ների համար ստեղծված անբարենպաստ պայմանները չեն բարելավել և փոխարենը թերևս ավելի են վատանում, քանի որ ևս մեկ լրագրող այսօր ստացավ տևական բանտարկություն:

Ես իշխանություններին կոչ եմ անում վերացնել քրեական բոլոր մեղադրանքները, որոնք ներկայացվել են Մամեդովի ու կալանքի տակ պահվող մյուս լրագրողների հանդեպ, և ազատ արձակել նրանց»:

Տեսանյութեր

Լրահոս