Բաժիններ՝

Հիլալ Մամեդովը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հրապարակվել է թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի դատավճիռը: Դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել նրա դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներով: Մամեդովը պետք է ազատազրկումն անցկացնի խիստ ռեժիմի գաղութում: Երբ դատավորը կարդացել է դատավճիռը, դահլիճում հավաքվածները սկսել են հայհոյել դատարանին:

Մամեդովն իր հերթին հայտարարել է, որ իրեն դատել կարող է միայն Բարձրյալը: Մամեդովի փաստաբանները դատավճիռը որակել են անարդար ու անհիմն և պատրաստվում են բողոքարկել այն:

Մամեդովը կալանավորվել է 2012 թվականի հունիսի 21-ին և մեղադրվել է թմրանյութ պահելու մեջ: Ավելի ուշ նրան մեղադրել են պետական դավաճանության ու ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ: Amnesty İnternational-ը նրան ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:

Հիլալ Մամեդովն այս տարվա մայիսի վերջին հայտարարել էր, որ իրեն կալանավորել են Ты кто такой? Давай до свиданья! երգի համար: Բացի այդ, նա հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները թմրանյութ են գցել իր գրպանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս