CNN-ը խեղաթյուրել է Հոլոքոսթի վերաբերյալ Հասան Ռոուհանիի խոսքերը
Ամերիկյան CNN հեռուստաալիքը ճիշտ չի մեկնաբանել իրեն հարցազրույց տված Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի խոսքերը՝ կապված Հոլոքոսթը ճանաչելու հետ: Իրանի նախագահի արտահայտած խոսքերը կրճատվել և խեղաթյուրվել են թարգմանիչների կողմից:
Իրանական լրատվամիջոցը մեջբերում է Հոլոքոսթի ճանաչման վերաբերյալ հարցին Ռոուհանիի տված ամբողջական պատասխանը. «Ինչպես ես ասել եմ ավելի վաղ, ես պատմաբան չեմ: Իսկ միայն պատմաբանները պետք է տան հստակ պատկերացում, ձևակերպեն ու բացատրեն պատմական իրադարձությունները:
Սովորաբար մենք դատապարտում ենք մարդկության դեմ ուղղված յուրաքանչյուր հանցանք, որոնք կատարվել են քաղաքակրթության պատմության յուրաքանչյուր փուլում: Դա վերաբերում է նաև հրեաների ու այլ ժողովուրդների դեմ նացիստական հանցանքներին:
Մենք դատապարտում ենք ցեղասպանությունն ու հանցանքները, եթե դրանք կատարվում են մեր օրերին յուրաքանչյուր ազգի ու հավատի դեմ: Հետևաբար, ինչ արել են նացիստները, պետք է դատապարտվեն: Սակայն ձեր ասած պատմական փաստերի վերաբերյալ հստակեցում ու բացատրություններ պետք է տան միայն պատմաբաններն ու հետազոտողները: Իսկ ես պատմաբան չեմ»: