Բարեգործական ակցիա` մարզերի բնակիչներին օգնելու նպատակով (լուսանկարներ)

Տևական ժամանակ է` համացանցում, մասնավորապես` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրվում են «Դու միայնակ չես» խորագրով ակցիայի պաստառները, լուսանկարները և ակցիային միանալու կոչեր:

«Բլոգնյուզ» լրատվական կայքը և «Individum-Casting» ընկերությունը իրականացնում են մի նախագիծ, որն ինչ-որ իմաստով հանդիսանում է անապահով ընտանիքների և բարվոք պայմաններում ապրող մարդկանց միջև կապող օղակ: Այլ կերպ ասած՝ «Դու միայնակ չես» նախագիծը ոչ միայն մարդկանց կոչ է անում աջակցել աղքատության մեջ ապրող ընտանիքներին, այլև կոտրում է հարուստ, աղքատ շերտավորման կարծրատիպը: Նախագծի շնորհիվ անապահով շատ ընտանիքներ կստանան աջակցություն, իսկ, որ ամենակարևորն է՝ կգիտակցեն, որ պետությունն իշխանությունը չէ, որի քաղաքականության արդյունքում բնակչության զգալի մասն աղքատ է, այլ պետությունն այն բազմաթիվ մարդիկ են, որոնք «Դու միայնակ չես» ակցիայի շուրջ համախմբելով՝ միմյանց ձեռք են մեկնում:

Այս օրերին նախագծի հեղինակները բակային այցելությունների միջոցով մարդկանց կոչ են անում մասնակցել բարեգործական ակցիային, հավաքագրում են այն ամենը, ինչ կամավորները նվիրում են, իսկ հետագայում դրանք կտեղափոխեն գյուղական համայնքներ: «Բլոգնյուզ» լրատվական կայքի խմբագիր Արամ Անտինյանը հույս է հայտնում, որ ծրագիրն ինչ-որ կերպ կմեղմի Հայաստանի սոցիալական խիստ բևեռացումն ու աղքատության ահազանգող պատկերը: Նախագծի թիրախը գյուղական համայնքներն են, ընդ որում, սոցհարցումների և մոնիտորինգների իրականացմամբ ընտրվելու են այն գյուղերը, որտեղ աղքատությունը շատ սուր է արտահայտված: «Բլոգնյուզը, այս տարիների ընթացքում, բնականաբար, անապահով ընտանիքներին նոր իրեր է նվիրում, կովեր է գնում, և այլն:

Blognews01 (5)

Կարդացեք նաև

blognews (3)

blognews (2)

Մենք մեր գովազդից ստացված ողջ հասույթը տրամադրում ենք բարեգործությանը: Ամեն անգամ օգնում էինք ընտանիքների, բայց այս անգամ մտածեցինք, որ կարելի է օգնել, ենթադրենք՝ տասը գյուղի: Քանի որ մենք այնքան հարուստ չենք, որ նոր ապրանքներով օգնենք, որոշեցինք բոլորին կոչ անելով` միանալ:

Կան նոր, որակով ապրանքներ, կենցաղային տեխնիկա, գույք, հագուստ, որի մոդան անցել է, բայց գյուղում այն շատ անհրաժեշտ է»,- ասում է «Բլոգնյուզ» լրատվական կայքի խմբագիր Ա. Անտինյանը՝ ընդգծելով, որ ակցիայի շրջանակներում սեպտեմբերի 7-27-ն իրականացնում են բակային այցելություններ՝ ազգաբնակչությանը կոչ անելով` միանալ բարեգործությանը:
Ի դեպ, նշենք նաև, որ ամենասկզբում Ա. Անտինյանը և «uIndividum-Casting» ընկերության տնօրեն Աշոտ Սարգսյանն այս նախագծի իրականացումը նախատեսել են ընկերների միջավայրում, սակայն «Դու միայնակ չես» ակցիան այնպիսի մեծ թափ է ստացել, որ անգամ կազմակերպիչները չեն հասցնում այս ամենը կոորդինացնել:

Ա. Անտինյանը վստահեցնում է, որ ակցիային միացել են քաղաքական գործիչներ, շոու- բիզնեսի ներկայացուցիչներ, Գյուղատնտեսության, Կրթության, Արդարադատության նախարարությունները, և այլն: Ներկայումս նախագծի մոնիտորինգային խումբը Հայաստանի մարզերում ուսումնասիրություններ է կատարում, և համաձայն արդյունքների` կընտրվեն թիրախային համայնքները.

Blognews01 (3)

blognews (6)

Blognews01 (1)

«Ակցիայի այս փուլը, որն ուժի մեջ է սեպտեմբերի 7-27-ը` հավաքագրման փուլն էր, որին զուգահեռաբար իրականացվում է մոնիտորինգ: Բացի այն, որ առանձնացնում են ամենաանապահով գյուղերը, նաև ընտանիքի մակարդակով ենք խորապես ուսումնասիրում` մասնավորապես պարզելով, թե գյուղի հատկապես որ ընտանիքներն են ամենաանապահովները»: Այնուամենայնիվ, Ա. Անտինյանը հավաստիացնում է, որ ակցիան շարունակական բնույթ կկրի, և կփորձեն ծրագիրն իրականացնել Հայաստանի ողջ մարզերում. «Հատկապես սահմանամերձ գյուղերում վիճակն ահավոր է, որովհետև ոչ աշխատատեղ կա, ոչ ջահել մարդ կա, իսկ ով էլ կա, կամ տրանսֆերների վրա են ապրում, ով էլ դրսում մարդ չունի՝ արտագաղթում կամ սովամահ է լինում:

Բակային այցելությունների ընթացքում ԵՊՀ-ն մեզ ավտոբուս տրամադրեց, որի վրա փակցրեցինք մեր պաստառները, վերցրեցինք բարձրախոս և սկսեցինք շրջել Երևանի հատկապես շատ բնակեցված թաղամասերով: Շրջում, իրազեկում էինք ակցիայի մասին, և մարդիկ շատ դրական, պատրաստակամ և բարի էին տրամադրված: Համայնքներով շրջելիս հասկացանք, որ մարդիկ շատ բարի են, անմիջապես արձագանքում են: Հինգ րոպեն բավական էր, որ բարձրախոսով հայտարարելուց հետո ավտոբուսը մի քանի անգամ լցվեր: Առաջիկայում կլինեն ավելի մասշտաբային բակային այցելություններ, որովհետև մարդկանց մոտ էլ կա այդ սպասումը»:

blognews (5)

blognews (4)

blognews (7)

blognews (1) blognews (8)

Այնուամենայնիվ, Ա. Անտինյանը վստահեցնում է, որ նախագծի արդյունավետությունը նաև իրենց պարտավորեցնում է ապագայում ոչ միայն նման ծրագրեր իրականացնել, այլև՝ մարդկանց համախմբելու, միմյանց ձեռք մեկնելու նոր մոդելներ մշակել: Նա հավաստիացնում է, որ հասարակական համախմբվածությունն այս նախագծի հեղինակներին ուղղակի զարմացրել է. «Այս ամենը նաև համախմբման նպատակ ուներ, որովհետև ոչ միայն բողոքի, հեղափոխության համար կարելի է համախմբվել, այլ՝ դրական բաների շուրջ: Ընթացքում հասկացանք, որ այս ամենը վերկուսակցական է, որովհետև մեզ միացան կուսակցություններ, քաղաքական ուժեր, հասարակական միավորումներ, ինչը շատ ոգևորիչ է»:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս