Անի Զախարյանը` հայ աղջկա ճակատագրի, ՀՀ նախագահ առաջադրվելու և Անկախության տոնակատարությանը մասնակցելու մասին
«Հայ աղջկա ճակատագիրն իսկապես ինձ մտահոգում է: Ես բացում եմ ֆեյսբուքն ու տեսնում եմ, թե հայ տղայի կողմից ինչքան վարկաբեկված է հայ աղջիկը, ինչպիսի խոսքեր են ասվում…: Փոխանակ հայ տղամարդն արժևորի հայ կնոջը, ասենք, եթե կինը շեղվել է, բայց դա արդյոք վարկաբեկման առի՞թ է»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Քաղաքական նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:
Նա տեղեկացրեց, որ շուտով Ազգային ժողով կներկայացնի օրենսդարական նախագիծ` կանանց վիրավորող տղամադկանց պատասխանատվության ենթարելու մասին. «Ես ԱԺ եմ ներկայացնելու օրինագիծ, որտեղ հստակ պետք է գրված լինի, որ այն հայ տղան, ով հայ աղջկան վիրավորող որևէ տող անգամ կասի, կենթարկվի վարչական պատասխանատվության` 300-ից 500 հազար դրամ գումարային չափով: Սա անգամ քիչ է, երևի քիչ է»:
Հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ նորաստեղծ կուսակցության նախագահը ևս հրավիրվեց Անկախության 22-ամյակի տոնական միջոցառմանը, Անի Զախարյանը շփոթված պատասխանեց. «Դե… դա կոնկրետ նախագահի կողմից բոլոր կուսակցությունների նախագահներին էին հրավիրել: Դա արդեն պետք է հարցնեք Ս. Սարգսյանին»:
Անի Զախարյանի խոսքով` ինքը նախագահի թեկնածու կառաջադրվի միայն այն դեպքում, երբ հասարակությունը պահանջի:
Նա հայտնեց նաև, որ իր կուսակցությունը 207 անդամ ունի և հանդիսանալու է իշխանության այլընտրանք, ներկայացնելու է հակակշիռներ` իշխող կուսակցության ծրագրերին: