100-150 հազար դոլարով վերանորոգված,տեխնիկապես հագեցված կենտրոնում ջրի խնդիր կա
Սոցիալական տարբեր ծառայություններ կմատուցվեն մեկ հիմնարկում
tesankyun.am-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց համալիր սոցիալական ծառայության կենտրոն:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, այլ պաշտոնատարներ:
Նոյեմբերյանի պոլիկլինիկայի նախկին շենքը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվել է, տեխնիկապես հագեցվել:
Կենտրոնում գործում են սոցիալական ծառայությունների Նոյեմբերյանի տարածքային գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, սոցիալական ապահովության տարածքային կենտրոնը և Լոռու մարզի թիվ 3 բժշկական սոցիալական փորձաքննության հիմնարկը(որի գործունեության տարածքը ներառում է նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը):
Նախարարն ու մարզպետը նորաստեղծ հիմնարկի համակարգող Սամվել Բեգլարյանի ուղեկցությամբ շրջել են համալիրի տարածքում, ծանոթացել առկա պայմաններին: Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է ոչ միայն սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների աշխատողների աշխատանքային պայմանների բարելավումը, այլ նաև այդ հիմնարկների գործունեության բովանդակության փոփոխությունը, նշված հիմնարկների միջև համագործակցության ամրապնդումը: Այսուհետ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը տրվելու է մեկ կենտրոնում:
Պատասխանելով կայքի հարցին՝ նախարար Ասատրյանն ասել է , որ նման կենտրոնների ստեղծման, տեխնիկապես հագեցման համար ծախսվում է 100-150 հազար դոլար: Նախարարը հայտնել է , որ ներկայումս Հայաստանում ստեղծվել է նման 18 կենտրոն, առաջիկա 2-3 տարում կստեղծվի եւս 37 կենտրոն: ԿայքըՊարոն Ասատրյանին հարցրել է , թե ինչպե՞ս է լուծվելու կենտրոնի ջրամատակարարման հարցը, չէ որ նորաստեղծ հիմնարկի սանհիտարական հանգույցներից օգտվելու են ոչ միայն դրա աշխատակիցները, այլեւ այցելուները, այդ թվում՝ հաշմանդամներ: Նոյեմբերյան քաղաքում խմելու ջուր է մատակարարվում օրական մի քանի ժամ՝ վաղ առավոտյան եւ երեկոյան:Նախարարն ասել է, որ կտեղադրվի ջրի բաք, եւ այդ ձեւով ջրի խնդիրը կլուծվի: