Հարթավան համայնքում առաջիկայում կաթի վերամշակման արտադրամաս կբացվի
Արագածոտնի մարզի Հարթավան համայնքում բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ինչի հետևանքով էլ բերքի համախառն արդյունքի 70 և ավելի տոկոսը բաժին է ընկնում այս ճյուղին:
«Լեռնային այս գյուղում անասնապահությունը եկամտաբեր է համարվում, եթե, իհարկե, որոշ տնտեսվարողներ կաթի գինն անհարկի չիջեցնեն,- ասում է Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը, և ավելացնում,- Վերամշակող տարբեր ընկերություններ գալիս՝ կաթը տանում են գյուղից, մեկը՝ 150 դրամով, մեկը՝ 120, մեկն էլ՝ 130 դրամով, գինը շատ ցածր ա, հետո կանոնակարգված չի, երբ ուզում՝ գալիս են, երբ ուզում՝ չեն գալիս…»:
Գյուղապետի փոխանցմամբ՝ այս ամենը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում, չնայած արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում կաթը գյուղում մշակելու ուղղությամբ.
««Շեն» կազմակերպություն կա, իրենց միջոցով հավանաբար կաթի վերամշակման արտադրամաս կստեղծենք գյուղում, նախնական հավանությունը ստացել ենք, մնում է վերջնական պատասխանը քննարկվի, ու հավանաբար մարտ-ապրիլ ամիսների աշխատանքները կսկսվեն»:
Ժիրայր Ավետիսյանի խոսքով՝ բնակչության մեծ մասը շատ հաճախ կաթը չի էլ հանձնում, իրացնում են սեփական միջոցներով՝ մայրաքաղաքում: Հարթավան համայնքը 1080 բնակիչ ունի, արտագաղթ գյուղում չկա, սակայն մեծ է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Հողագործությամբ քիչ են զբաղվում, չնայած գյուղում բավարար քանակի գյուղտեխնիկա կա, սակայն գյուղապետի բնորոշմամբ՝ արդեն հին են ու մաշված: Ներկա դրությամբ Հարթավան գյուղում ներդրումային մի շարք ծրագրեր են իրականացվում՝ օգտագործելով ինչպես պետական, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների հնարավորությունները: