Աչաջուր գյուղի միակ խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է
Տավուշի մարզի Աչաջուր գյուղը Իջևանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է, մարզի գյուղերից բնակչության թվաքանակով երկրորդն է՝ 4500 և ավելի բնակչով:
Գյուղն ունի գրեթե բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, երաժշտական դպրոց, առողջության կենտրոն ու բժշկական ամբուլատորիա, մարզադպրոց, փոստային բաժանմունք և մշակույթի տուն:
1176 աշակերտի համար նախատեսված դպրոցում այսօր սովորում է 587 աշակերտ:
Բնակչությունը զբաղվում է հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով, մեկ էլ՝ արտագնա աշխատանքի մեկնելով: Աչաջուրի գյուղապետ Համո Գևորգյանի փոխանցմամբ՝ գյուղում հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է:
«Զբաղվածության հարցն է հիմնական խնդիրը, մարդիկ աշխատատեղ չունեն, մեկնում են արտագնա աշխատանքի… գնացողները շատ են»,- ասում է նա: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գյուղի բնակչության նման մեծ թիվը, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Աչաջուրցին սիրում ա իր հողն ու ջուրը, դրա համար էլ մնում ա գյուղում…»:
Աչաջուրը գտնվում է մարզկենտրոնից՝ 18 կմ, պետական սահմանից՝ 8կմ հեռավորության վրա: Ճանապարհների վիճակը բավարար է, գյուղը գազիֆիկացված է, խմելու և ոռոգման ջրով ապահովված է մասնակի: