
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ. աղբյուր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հանդիպումը տեղի է ունենալու Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի շրջանակներում:
Ընդ որում, համանախագահներն առանձին հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Դա ամերիկացի նորանշանակ համանախագահի համար կլինի իր գործընկերների մասնակցությամբ առաջին հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Ջեյմս Ուորլիքը ճանաչողական այցով ժամանել էր Հայաստան, ԼՂՀ և Ադրբեջան: