Ադրբեջանի ԿԸՀ-ն Ալլահշուքյուր Փաշազադեին մեղադրել է Իլհամ Ալիևի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու մեջ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ն արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին հայտարարություններին՝ նրան մեղադրելով նախագահական ընտրություններից առաջ Իլհամ Ալիևի օգտին քարոզչություն իրականացնելու մեջ:
Ադրբեջանի ԿԸՀ-ը հիշեցրել է, որ կրոնական կազմակերպություններին արգելվում է իրականացնել նախընտրական քարոզչություն: ԿԸՀ-ի անդամ Ալմազ Գահրամանլըն հայտարարել է, որ դա ամրագրված է Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածում. «Հետևաբար շեյխ ուլ իսլամի կոչերը հակասում են գործող սահմանադրությանը»:
Փաշազադեն նախագահին աջակցություն էր հայտնել նախորդ շաբաթ՝ հայտարարելով, որ Իլհամ Ալիևի աջակցությամբ երկրում կառուցվում են նոր մզկիթներ և վերանորոգվում են հները: Նա ընդգծել էր, որ հպարտ է նրա համար, որ Ադրբեջանն ունի այնպիսի նախագահ, ինչպիսին որ Իլհամ Ալիևն է: Ավելին, Փաշազադեի խոսքերով՝ աստվածն է իրենց ուղարկել այնպիսի անձնավորության, ինչպիսին որ Իլհամ Ալիևն է:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին: Գործող նախագահ Իլհամ Ալիևն առաջադրվում է արդեն երրորդ անգամ: Նախորդ ընտրություններում պաշտոնական տվյալներով նա հավաքել է քվեների 89 տոկոսը: