«Ով աչք ունի, թող լսի»
«Ով աչք ունի, թող լսի». սա էր խուլերի միջազգային օրվա նվիրված տոնակատարության կոչը: Սեպտեմբերի 22-ին Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում հայաստանցի խուլերը նշեցին իրենց միջազգային օրը: Այն աշխարհում նշվում է 1951 թվականից: Խուլերին իր շնորհավորանքի ու օրհնելու էր եկել նաև Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Սբ. Երրորդություն եկեղեցու համայնքում խուլերը մի լուրջ մաս են կազմում.նրանք ոչ միայն Սբ. Պատարագներին ու ժամերգություններին են մասնակցում, այլ նաև խմբակների ու երիտասարդաց միության անդամներ են: Արդեն մի քանի տարի է, որ խուլերը սովորություն են դարձրել իրենց օրը նշել Սբ. Երրորդություն եկեղեցում` իրենց հոգևոր հովվի` Տեր Եսայու հետ:
Իրենց տոնի առիթով խուլերը Սբ. Երրորդություն եկեղեցու սրահում ներկայացան համերգային մի ողջ ծրագրով: Նրանք բեմադրել էին Աստվածաշնչյան հատվածներ, ժեստերի լեզվով «Հայր մեր»-ն աղոթեցին, կատարեցին «Տեր ողորմյան»: Խուլերը հանդիսատեսին կարողացան ոչ միայն իրենց դերասանական հմտություններով զարմացնել, այլ նաև ներկայացան պարային համարներով: Ապշեցուցիչ էր, թե ինչպես չլսելով նրանք կարողանում էին պարել` առանց կորցնելու ռիթմի զգացողությունը:
Խուլերին ժեստերի լեզվով շնորհավորական խոսքեր ուղղեցին նաև երիտասարդաց միության անդամները, Տեր Եսայու դուստրերը, ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանի թոռները:
Խուլերն էլ իրենց հերթին էմոցիոնալ շնորհակալությունները հատնեցին թե’ Զուբեյդա Մելիքյանին, ում թարգմանությամբ Սբ Պատարագն ու եկեղեցու մյուս ծեսերը հասկանալի են դառնում իրենց համար, թե’ Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանին, ով միակ հոգևորական է, որ տիրապետում է ժեստերի լեզվին և ում աշխատանքի շնորհիվ իրենց համար հոգևոր կյանքն ու Աստծո պատգամները հասանելի են դարձել: Նրանք Տեր հորը նվիրեցին իրենց ձեռքերի գունավոր հետքերով արված գեղեցիկ մի նկար, որպեսզի Տեր հայրը երբեք չմոռանա իրենց:
Խուլերը շնորհակալություն հայտնեցին Տ. Նավասարդ Սրբազանին, ով, տարիներ առաջ ընդառաջելով իրենց խնդրանքին, Տեր Եսայուն առաջարկեց սովորել ժեստերի լեզուն ու աշխատել նրանց հետ:
Համերգի ավարտին Սրբազան Հայրը շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր ասաց թե’ կազմակերպիչներին, թե’ խուլերին, ովքեր իրենց տաղանդով կարողացել էին զարմացնել տոնախմբության մասնակիցներին:
«Աստվածաշնչյան թեմաներով այն բեմադրությունները, որ այսօր մեր ուշադրությանը հանձնեցիք, մեզ ավելի շատ բան ասացին, քան շատ մարդկանց ճարտասանական խոսքերը: Այո, լռության մեջ է Աստծո ձայնը հնչում, որովհետև դա հոգու ձայնն է: Եվ ձեր զգայարանները, որ չեն լսում, ավելի կենտրոնացած են, քան մերը, որ խոսում ենք և մեր ականջները լեցուն են աղմուկով: Ուրախ եմ, որ հայ իրականության մեջ այսպիսի բացառիկ համայնք և եզակի հոգևորական ունենք, ով խոսում է ձեզ հետ: Մենք ձեզանից սովորելու շատ բան ունենք: Մենք չենք կարողանում այդչափ կենտրոնանալ, ինչպես դուք: Գերզգայուն չենք` ինչպես դուք: Եվ ես համաձայն եմ այդ մտքին, որ դուք ավելի շնորհալի եք, քան մենք` լսողներս: Երբ ինչ-որ տեղ մի բան պակասում է, Աստված մի ուրիշ տեղ ավելացնում է: Սրանում մենք այսօր լիարժեքորեն համոզվեցինք: Սբ. Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված թղթում ասում է. «Ինչո՞վ կարող եմ ես պարծենալ, եթե ոչ իմ տկարություններով, որպեսզի Աստված բնակվի իմ հոգում և ինձ զորացնի»: Եվ ի~նչ տարբերության մասին կարող է խոսք լինել Աստծո տան մեջ: Բոլորս հավասար ենք և Աստծո զավակներ: Այն շնորհները, որոնցով դուք այսօր մեզ զարմացրիք, թող Տերը բազմապատկի: Եվ ով աչք ունի, թող լսի»:
Խուլերին հատկապես շոյեց, երբ Սրբազան Հայրը ժեստերի լեզվով շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ սիրում է իրենց:
Խուլերի միության նախագահն էլ իր երախտիքի խոսքերն ասաց Տ. Նավասարդ Սրբազանին, Տեր Եսայուն, Զուբեյդա Միքայելյանին: Նա նաև խոստացավ, որ հաջորդ տարի խուլերի օրն առավել մեծ շուքով պիտի տոնեն:
Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվան