Չինաստանը 50 տարով Ուկրաինայում վարձակալելու է 3 միլիոն հեկտար հողատարածք. մամուլ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն Ուկրաինայում 50 տարով վարձակալելու է գյուղատնտեսության համար պիտանի 3 միլիոն հեկտար: Այս մասին այսօր հայտնել է չինական «Խուանցյու շիբաո» թերթը:
Վերջինիս տվյալներով՝ համաձայնագիրը ստորագրվել է Սինձյանի արտադրական-շինարարական կորպուսի և ուկրաինական KGS Agro-ի միջև: Առաջին փուլում չինական կողմին վարձակալությամբ տրվելու է 100.000 հեկտար Դնեպրոպետրովսկի շրջանում: Հետագայում վարձակալված հողատարածքների, այդ թվում նաև Խերսոնի մարզում ու Ղրիմում, չափը հասցվելու է 3 միլիոն հեկտարի:
Հողատարածքներն օգտագործվելու են գյուղատնտեսական կուլտուրաներ աճեցնելու և անասնապահության համար: Չինական կողմն իր վրա է վերցնում ոռոգման մի շարք ծրագրեր իրականացնելու պարտավորություն: Նշվում է, որ ներկա դրությամբ Չինաստանն արտասահմանում վարձակալում է գյուղատնտեսության համար պիտանի մոտ 2 միլիոն հեկտար: